Ցավոք, այսօր մեր եկեղեցու հանդեպ հասարակության որոշակի օղակների որդեգրած քաղաքականությունը, ապագայում մեր վերոհիշյալ հասարակության այդ օղակների ինքնակործանման պատճառը կարող է դառնալ: Այդ մարդկանց մոտ բացակայում է ոչ միայն իրականության այլ նաև ինքնապահպանության գիտակցությունը: Մի փոքր շեղվենք մեր քննարկման առարկայից և անդրադառնանք պատմության էջերին: Հայոց ազգի պատմության ամբողջ ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին եղել է հայ ազգի ողնաշարը: Այն ժամանակ, երբ թշնամին կտրել է հայի ձեռքերը` այսինքն ոչնչացրել ազգի ամբողջ ռազմական ներուժը, կտրել ազգի գլուխը զրկելով հայերին ղեկավար ունենալու հաճույքից, այդ ժամանակ եկեղեցին իր կուռ կառուցվացքով դեմ է կանգնել թշնամուն և երբեք թույլ չի տվել, որ հայ ազգին տրորեն և ոչնչացնեն: Մեր եկեղեցին շատ ազգերի դիցաբանություններում հայտնի ֆենիքսի նման կարծես մոխրի միջից կրկին և կրկին ծնունդ է տվել հայ ազգին: Մեր ազգի միասնության ամենամեծ գաղտնիքը մեր հավատքն է, և մեր պապերը մաքառելով բազում թշնամիների դեմ և սրբությամբ պահելով այն, դարերի միջով հասցրել փոխանցել են մեզ, իսկ մեր հասարակության վերոհիշյալ օղակները, իրենց մեջ քաջություն գտնելով և առանց երկար-բարակ մտածելու, իրենց իրավունք են վերապահում քննադատել այն անվիճարկելի սրբությունը, որը քննադատության ենթակա չէ: Դարերի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին եղել է հայ ազգին միավորող միակ և անփոխարինելի օրգանը, որը ջանք ու եռանդ չի խնայել իր ազգը և իր պետությունը միավորված տեսնելու համար: Եվ ինչպես են շնորհակալ լինում այդ նույն ազգին պատկանող հայերը հիմա: Այս դժվար ժամանակաշրջանում Հայ առաքելական եկեղեցուն սատար կանգնելու փոխարեն մեր հասարակության անգիտակից օղակները, որոնք ցավոք մեր ազգի մեջ զգալի թիվ են կազմում, համագործակցում են Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունների հետ՝ շատ անգամ նույնիսկ չգիտակցելով դա: Հիշեցնեմ այն մարդկանց, որ մի պահ մոռացել էին և լուսավորեմ այն մարդկանց, որոնք ի սկզբանե չեն իմացել. հարգելինե’ր, մեր եկեղեցին ի տարբերություն աղանդավորական կազմակերպությունների, ունի առաքելական ծագում, և դա պատմական անվիճելի ճշմարտություն է: Իսկ ին՞չ են ասում մեզ աղանդները: Նրանք փորձում են վարկաբեկել մեր Եկեղեցին, որի պատմությունը, ի դեպ, կապված է ամբողջ հայ ազգի պատմության հետ: Այդ վարկաբեկության փորձերի ժամանակ տուժում է նաև հայ ազգը, որովհետև, քննադատելով Հայ Առաքելական Եկեղեցին, աղանդները քննադատում են հայ ազգին, քանի որ մեր եկեղեցու պատմությունը հայ ազգի պատմությունն է: Եթե մի պահ մոռանանք աղանդների պառակտիչ գործունեության մասին և մի քիչ ուսումնասիրենք իրենց անդամների առաջ դրված պահանջները, ապա կհասկանանք, որ նրանք կատարում են նաև մշակութակործան աշխատանք: Օրինակ, նրանք թույլ չեն տալիս իրենց անդամներին նշել պետական և եկեղեցական տոները: Նրանք կարելի է ասել հեռացնում են հայ ազգին իր արմատներից: Հայկական տոները մեր մշակույթի մի մասն են կազմում, իսկ մոռանալով այդ տոները, աղանդավորները մոռանում են նաև հայ ազգի հազարավոր տարիների մշակույթը, մոռանալով այդ մշակույթը, նրանք կորցնում են իրենց ազգություն: Այսքանից հետո կարող ենք ենթադրել, որ աղանդավոր լինել նշանակում է չունենալ ազգություն և չունենալ մշակույթ, իսկ այն մարդը, որը չունի անցյալ և անցյալում կերտված մշակույթ, նա չի կարող ունենալ ապագա:
Հետևությունները թողնում եմ ձեզ...



