1in.am-ը գրում է.
Երևան քաղաքի ավագանին վերջերս որոշում է կայացրել, որ տնային պայմաններում ընտանի կենդանի պահելու համար պետք է ամսական 5 հազար դրամ վճարել: Երևանի Pro Paws կենդանիների բարեկեցության բարեգործական միության նախագահ Նարե Արամյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այդ որոշմանը, նշեց, որ ինչպես ցանկացած դեպքում, այնպես էլ այս դեպքում խնդիրը վերջից են սկսել լուծել. «Նախ՝ չկան այն ցուցանիշները, թե ովքեր կարող են պահել ընտանի կենդանի, չկա ընտանի կենդանի բառի բացատրությունը, ասված չէ, թե այդ գումարը վճարելու դիմաց ի՞նչ պիտի անի քաղաքապետարանը»:
Նա փաստեց, որ այս կարգը դեռևս առաջին նախագահի օրոք է մշակվել, սակայն հարցին լուծում չի տրվել:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Դինգո Թիմ» ՀԿ անդամ Ալին Գոյան էլ հավելեց, որ այդ օրենքը լրացուցիչ խթան է ընտանի կենդանիների թիվը պակասեցնելու համար: «Այժմ թափառող կենդանիների հիմնախնդիր կա, պետք է այդ հարցերը լուծել: Նման օրենքի կիրառումն արդարացված չէ»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենք ամսական կտրվածքով ավելի քան 50-60 կենդանի են տալիս որդեգրման, և դա անվճար է: Այս օրենքի կիրառման դեպքում կնվազեն նաև կենդանիներ որդեգրողները: