Պետք է խոստովանեմ, որ գնալով հիասթափվում եմ Վարդան Պետրոսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից, որովհետև եթե ողբերգական ավտովթարից հետո մի տեսակ էյֆորիայի մեջ էի, ապա հիմա, երբ արդեն հնարավոր է սառնասիրտ դատողություններ անել, ակնհայտ է, որ Բաղդասարյանը զբաղված է ոչ թե Վարդան Պետրոսյանին պաշտպանելով, այլ սեփական անձը գովազդելով:
Վերջին 2-3 շաբաթների ընթացքում Բաղդասարայանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել՝ տարբեր լրատվամիջոցների, բայց երբ կարդում ես դրանք ու համադրում, ապա տեսնում ես, որ ոչ մի նոր բան ըստ էության չի ասել, իսկ ինչ էլ իբր նոր է, հաճախ անհեթհեթություն է, որը լավագույն դեպքում կարելի է պոպուլիստական քայլ համարել:
Օրինակ, այսօր էլ կարդում եմ, որ Բաղդասարյանը հայտարարել է, որ դիմել է դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Վարդան Պետրոսյանին պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով: Եթս սա ասեր որևէ այլ մեկը, ով փաստաբան չէր, դեռ կարելի էր հասկանալ, բայց ինչպե՞ս կարող է փաստաբանը չիմանալ, որ ՀՀ օրենսդրությունում բարոյական վնաս եզրույթ գոյություն չունի ու նման հայցերն ի սկզբանե դատապարտված են ձախողման...
Հարցազրույցի մնացած մասում նորից խոսել է վթարի 3D մոդելի մասին, որը միայն նախաքննությունից հետո է տրամադրվելու (բա եթե այդպես է, ապա ինչո՞ւ ես ամեն հարցազրույցին դրա մասին պատմում), խոսել է Վարդան Պետրոսյանի սթափության մասին (արդեն բոլորն էլ գիտեն, որ փորձաքննությունը ալկոհոլի առկայություն ցույց չի տվել) և տուժող կողմի հետ բանակցությունների բացակայության մասին (դու որ ամեն օր ելնես ու հայտարարես, որ ինչ եղել ա՝ տուժողների մեղքով ա եղել, բնականաբար, ոչ ոք չի ուզենա բանակցել):
Մի խոսքով, այ հիմա իրոք անհանգստանում եմ Վարդան Պետրոսյանի ու տուժող կողմի համար, որովհետև երբ գործին լծվում են փառամոլ ինդիվիդներ, գործը վեր է ածվում բալագանի ու փիառ գործիքի, և այդ ամենը ճշմարտության ու արդարության հաշվին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել