1in.am-ը գրում է.

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից՝ նշեց, որ դա հայկական կողմից կարևոր քայլ էր, քանի որ Ռուսաստանը կայուն վարկանիշ ունեցող առաջին երկիրն է. «Պետությունների կայունության վարկանիշ գոյություն ունի, և այդ ցուցակում ՌԴ-ն առաջին տեղում է: Նա ռեսուրսներ վաճառող երկիր է և այդպես էլ կմնա. ով Ռուսաստանի հետ ընկերություն է անում, ընկերություն է անում մի կայուն կառույցի հետ»:

Նա դրական գնահատեց նաև Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի քայլը՝ նշելով, որ Ուկրաինան առանց ՌԴ-ի հետ տնտեսական կապերի չի կարողանա զարգանալ: 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն արեց շախմատային քայլ՝ երկու կառույցներին էլ ցույց տալով, որ կա ընտրության հնարավորություն. «Համագործակցության արդյունքում կկառուցվի նոր ատոմակայան, կբարելավվի էներգետիկ համակարգը, եթե մտնենք ՄՄ, կվերանան բոլոր մաքսատուրքերը, բոլոր ապրանքները՝ ներառյալ զենքը ներքին գներով վաճառելու»: 

Այնուամենայնիվ, նա նշեց, որ երկու երնեկ մի տեղ չի լնում. ՌԴ-ն տեխնոլոգիապես հետամնաց երկիր է, իսկ մենք եթե ուզում ենք մրցունակ ապրանք ունենալ, ապա կարող ենք զարգացնել նանոտեխնոլոգիաները, փոքր քիմիան, դեղագործությունը. «Եթե մենք մնանք միայն միրգ արտահանող և կոնյակ վաճառող երկիր, սերունդներին ոչինչ չենք ունենա փոխանցելու: ՄՄ մտնելը անհրաժեշտություն էր, բայց դա բավարար չէ Հայաստանի հետագա զարգացման համար, բավարար կլինի այն դեպքում, եթե տեխնոլոգիաներ ստեղծենք՝ կառավարական, կրթական և այլ ոլորտներում»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել