Newsbook.am-ը գրում է.

Սոցիոլոգիան գիտություն է, հետևաբար ցանկացած սոցիոլոգիական հարցման հիմքում գիտական հետազոտման և վերլուծության մեթոդաբանությունն է: Հեռու մնացինք գիտնականների և հատուկ սոցիոլոգիական կենտրոնների «հացը խլելու,, դիտավորությունից և պարզապես զանգահարեցինք մոտ 100 քաղաացու՝ լրագրողական հարցման միջոցով տեղեկանալու, թե ինչ են մտածում մեր կառավարության մասին, ինչպես են գնահատում նրա գործունեությունը:

Ցավալի էր, որ տարեվերջին, երբ շատ երկրներում ի մի են բերում կառավարության գործունեությունն ու Ամանորը լավ տրամադրությամբ դիմավորելու համար՝ հիշատակում միայն հաջողությունները, մեր զրուցակիցներից շատերը կատաղությամբ լցվեցին ու սկսեցին հիշոցներ արձակել կառավարության և մասնավորաբար վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին:

Հասկանալի է, որ միշտ հարվածներն իր վրա առաջին դեմքն է վերցնում՝ այսպես իր թիկունքում թողնելով բոլոր նրանց, ովքեր այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատուն են: Եվ այն տպավորությունը ստեղծվեց, որ Տիգրան Սարգսյանն է մեր բոլոր դժբախտությունների «արարիչն» ու պատճառը: Քչերը գտնվեցին, որ դրվատանքի խոսքերով հիշեցին վարչապետին, ասացին, որ նա լավ ֆինանսիստ է, գիտակ տնտեսագետ: Երևի սխալ չէին նաև այս գնահատականները: Մեր զրուցակիցներից միայն մի հոգի ասաց, որ այս ամենի մեղավորը երկրի նախագահն է: Ուրեմն, հենց նրանից էլ պետք է սկսել: Իսկ տրամաբանությունն այն է, որ մեր Սահմանադրության համաձայն գործադիր իշխանության գլուխը նախագահն է, կառավարությունը կյանքի է կոչում այն ծրագիրը, որն իր ընտրողներին է ներկայացրել երկրի նախագահը: Եվ հենց այսպես էլ հայտարարում է կառավարությունը:

Հետևաբար, այսօր երկրում ստեղծված տնտեսական ու բարոյահոգեբանական ճգնաժամի ակունքում հենց երկրի նախագահն է, որը հրաշալի քայլ է ձեռնարկել՝ առաջ մղել Տիգրան Սարգսյանին ու հենց նրան էլ դարձնել քավության նոխազ: Դե, նախագահը լավն է, նախարարները լավն են, վարչապետն է միայն վատը: Ըստ էության, մեկը մյուսին արժե, որովհետև լավ կառավարման դեպքում չէինք ունենա այս խայտառակ վիճակը, չէին բացահայտվի բազմաթիվ «խարդախություններ», ի հայտ չէին գա գործարքներ, որոնք բավական են իշխանություններին հրաժեշտ տալու, իսկ ոմանց էլ դատարանի առջև կանգնեցնելու համար: Ոմանք պնդում են, թե նախագահը բարի է, չի կամենում մարդկանց պաշտոնանկ անել, դատարան ճանապարհել: Իսկ ինչու՞ է բարի: Այս «բարության» հիմքում ձևավորված բուրգն է, որի գլուխ կանգնած է նախագահը և նրա գիտությամբ և թույլտվությամբ է արվում ամեն ինչ:

Տիգրան Սարգսյանն էլ հետ չի մնում նախագահից և մյուսներից՝ ձեռքի հետ օֆշորով զբաղվելով, անձնական ունեցվածքը բազմապատկելով: Հայաստանի նման փոքր երկրում, ուր նախագահն անգամ գիտի, որ թատրոնների մուտքերի մոտ կանգնում են սերիալներում նկարահանվող դերասանների ավտոմեքենաները, հազիվ թե ինչ-որ բան արվի առանց նախագահի գիտության: Նախագահն, իհարկե, ժամանակ առ ժամանակ շոուներ է սարքում, «սիրուն չի» կամ էլի նման արտահայտություններ անում, Իշխան Զաքարյանին իբրև թե հրապարակավ նշավակում, սակայն «սեղանի տակից» ձեռքերն է սեղմում՝ հրաշալի թատրոն խաղալու համար: Նշանակում է, իշխանությունները, նախագահի «բարձր հովանու ներքո» վատ թատրոն են խաղում՝ երկրի ունեցվածքը տանելով դեպի «թղթախաղի սեղաններ»: Իսկ սա արդեն վերջն է, սա այն պահն է, երբ իշխանությունն անհապաղ պիտի հեռանա: Իսկ հեռացման առաջին քայլ որպես՝ պիտի հեռանա կառավարությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել