Citatum:
Сочинение в школе: «На кого я хочу быть похожим»
- Ты на кого пишешь?
- На министра промышленности… Легкой!
к/ф «Большая перемена»

Այսքանով հանդերձ, պետք է փաստել, որ ավելի քան 20-ամյա անկախության պարագայում մեզ չհաջողվեց գոնե սկզբնավորել (չեմ խոսում կայացման մասին) որակապես նոր ազգային, ինքնիշխան պետության հասարակական զգացողություն և գիտակցում, մենք, ցավոք, շարունակում ենք մնալ «հետսովետական» հանրապետություն` կրելով «սովետականի» մնացուկների արժեքային ողջ «փունջը»:

Աշխարհամարտերով անցած, սին գաղափարախոսությամբ ու արժեքներով կերակրված ու մինչև կյանքի վերջը ապրանքային դեֆիցիտով ահաբեկված սովետական քաղաքացու չտեսությամբ ու ընչաքաղցությամբ, մենք շարունակում ենք «լավ կյանքը» նույնացնել հարստության, երջանկությունը` փողի, բիզնեսը` վերավաճառելու, ձեռներեցությունը` խաբելու հետ:

Մենք չսովորեցինք տարբերել օտար, տիրապետող կայսրությունը սեփական ազգային պետությունից և գուլակներում մեծացած սովետական մարդու համոզվածությամբ ու հաստատակամությամբ շարունակում ենք հակակրել պետությանն ու «պետական» ամեն ինչին (բացի, գուցե, «պետական» հացից :-)` մեր նախագահին, մեր կառավարությանը, մեր բանակին, մեր ոստիկանին ու պաշտոնյային:

Բայց, ամենակարևորը: Հետսովետական քաղաքացու կրավորականությամբ մենք չսովորեցինք ինքնուրույն, մեր ազգային հոգեկերտվածքին ու արժեհամակարգին համահունչ ձևավորել ՍԵՓԱԿԱՆ հանրային-հասարակական ՄՇԱԿՈՒՅԹ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐ: Մենք ամեն ինչում այնքան ենք վերածվել «ներմուծող» երկրի, որ դադարել ենք նույնիսկ փորձ անել «արտադրելու» սեփականը: 
Մենք շարունակում ենք պաթոլոգիկ կերպով զգալ «ուղեցույցի», «փարոսի», «մոդելի» կարիքն այս հարցում: Մենք փոխանակ ՄԵՐԸ ստեղծենք, ճիգեր ենք գործադրում «գնալ» դեպի ինչ-որ տեղ: Սրտանց ուզում ենք ՆՄԱՆՎԵԼ եվրոպականին, իբր այն քաղաքակիրթ է, ուզում ենք «չնմանվել» ռուսականին, ասում ենք «թողեք, մի պարտադրեք, թողեք «ձգտենք» սրան, կամ նրան: Սեփականն է պետք ունենալ. այդ դեպքում ոչ ոք չի կարող գաղութացնել: Մակեդոնացին դասական հունական մշակույթը վերցրեց-տարավ, որ «պարտադրի» Արևելքին, «հելլենիստական» հովերով ետ եկավ...

Խնդիրը մեր ներսում է, և այնտեղ է պետք փնտրել հարցերի պատասխանը: Մեր խնդիրների լուծման բանալին մեր ներսում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել