2014 թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր չեն տրվիPanARMENIAN.Net- ը գրում է.

2014 թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր չեն տրվի, դրանք կփոխարինվեն նույնականացման քարտերով: Ինչպես այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանը, հին նմուշի անձնագրերը գործելու են ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս մինչև վավերացման ժամկետի ավարտը, իսկ մինչ այդ քաղաքացիները, եթե չեն ցանկանում, կարող են չօգտվել կենսաչափական անձնագրերից և նույնականացման քարտից:

2014 թվականի հունվարի 1-ից հին նմուշի անձնագրեր կստանան միայն այն քաղաքացիները, որոնց փաստաթուղթը տրվում է ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Մասնավորապես, այդ խմբին են դասվում մինչև 16 տարեկան երեխաներն ու նախազորակոչային տարիքի՝ 16-18 տարեկան երիտասարդները:

Նույնականացման քարտում զետեղված են լինելու քաղաքացու անկետային բոլոր տվյալները, էլեկտրոնային ստորագրությունը և հանրային ծառայության համարանիշը, որը ստանալու համար հարկ կլինի վճարել 3000 դրամ: 16 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր առաջին անգամ են նույնականացման քարտ ստանալու, և աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին նույնականացման քարտը կհատկացվի անվճար:

Կենսաչափական անձնագրերին անդրադառնալով՝ Նորայր Մուրադխանյանը նշեց, որ դրանք Հայաստանից դուրս մեկնելու համար են նախատեսված: Որոշ ժամանակ հետո կլինեն երկրներ, որոնք առանց կենսաչափական անձնագրի իրենց երկիր թույլ չեն տա մուտք գործել: Կենսաչափական անձնագրերի կիրառումը թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին ավելի ազատ տեղաշարժվել արտերկրում և կհեշտացնի եվրոպական երկրների մուտքի արտոնագրերի ստացումը: Կենսաչափական անձնագրերի համար հարկ կլինի վճարել 25 հազար դրամ:

Նույնականացման քարտերն ու կենսաչափական անձնագրերը հնարավոր կլինի ստանալ 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ 5 հազար դրամ մուծելու դեպքում, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Այսօրվա դրությամբ շուրջ 91 հազար քաղաքացիներ նույնականացման քարտեր են ստացել, իսկ 4,5 հազարը՝ կենսաչափական անձնագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել