1in.am-ը գրում է.

Հալեպում դեռևս դեկտեմբերի 15-ին կառավարական ուժերի կողմից հրթիռակոծության ենթարկված թաղամասերում խուճապի մթնոլորտը պահպանվում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը՝ նշելով որ միայն մեկ օրում զոհվել է ավելի քան հիսուն, վիրավորվել՝ 125-ից ավելի մարդ: 

Ըստ նրա՝ կառավարական ուժերը կազմակերպել էին այս հարձակումն՝ ընդդիմադիր կողմին սաստելու և հետագա ռմբակոծություններից խուսափելու համար. «Զինյալները գրոհի տակ են պահում անպաշտպան և հատկապես քրիստոնյա թաղամասերը: Դժբախտաբար քրիստոնյա շրջապատը վերջին հարձակումներից լրջորեն տուժեց, շատ եկեղեցական տարածքներում և քրիստոնյա թաղամասերում դեռևս հարձակման վտանգ կա»:

Նա տեղեկացրեց, որ վերջին օրերին Հալեպում իրավիճակը էլ ավելի է վատացել, մի քանի օր է՝ հոսանք չկա, ջուրը քիչ է. «Ցուրտը շատ սուր է, մի քանի օր առաջ ձյունամրրիկ եղավ, որը շատ ազդեց խաղաղ բնակչության վրա: Այսօր բոլորը և՛ տնտեսական և՛ ընդհանուր կյանքում դժվարություններ ունեն, հատկապես արգելափակված են քրիստոնյա շրջանները»: 

Այն հարցին, թե դպրոցներում դասերը շարունակվո՞ւմ են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ պետությունը հատուկ ծրագրեր է մշակել՝ կիսամյակի քննությունների համար, և աշակերտները նույնիսկ մոմի լույսի տակ պետք է դաս սովորեն: 

Հարություն Սելիմյանը նաև տեղեկացրեց, որ վերջին օրերի հարձակումներից զոհերի թվում հայեր չկան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել