Kinoashkharh.am-ը գրում է.
Արդեն 10 ամառ հենց ծիրանը շուկայում ծիկրակում է, մտածում եմ` «Ոսկե ծիրանը» յոթ սարերի հետևում չէ: Անցնում է 2-3 շաբաթ, ու ծիրանի իսկական ժամանակ փառատոնը շռնդալից մտնում է մեր տները, կինոթատրոններ ու ամենուր, որտեղ էկրան կա կամ էկրան տեղադրելու հնարավորություն: Իհարկե, եղել են տարիներ, երբ ծիրանը ոսկու գին է ունեցել ու ոչ միայն խորհրդանշական, այլև բառացիորեն` լրիվ համապատասխանելով մեր փառատոնի անվանը: Այդ տարիներին փառատոնի հյուրերն ավելի շատ էին ծիրան կերած լինում, քան մեր ազգակիցները: Այս տարի ծիրանի բերքը մեզ լրիվ երես տվեց: Ու գերմանաբնակ լրագրող, մեր հայրենակից Ալիս-Անահիտ Կատայանի համար վերջապես պարզ դարձավ, որ իրեն ու էլի շատ անտեղյակ հայերի Ռուսաստանում ու այլ երկրներում խաբում են, թե վաճառվող ծիրանը Հայաստանից է: «Հիմա, երբ Երևանում կերա ծիրան, հասկացա, որ դրսում հայկականի անվան տակ մեր գնածը աբխազական կամ ադրբեջանական ծիրան է, որովհետև այստեղի մրգի հետ համուհոտային ոչ մի կապ չունի»,- նկատեց Ալիս-Անահիտը:
«Ոսկե ծիրանն» այս տարի հավելյալ համեր ստացավ: Հայաստան այցելեցին Շառլ Ազնավուրն ու Արտավազդ Փելեշյանը: Ազնավուրի անվան հրապարակում աշխարհահռչակ շանսոնյեի աստղի բացումը, նրան «Փարաջանովյան թալեր» հանձնելը «Ոսկե ծիրանի» բացման հանդիսության առանցքային իրադարձություններն էին: Հաջորդ օրերին, ինչպես որ սպասվում էր, սկսվեց փառատոնի հագեցած ու կուռ օրակարգը` հընթացս կինոցուցադրումներով: Հուլիսյան շոգն ու հեղձուկը կինոսիրողը մեղմեց մեր մեկուկես զով կինոդահլիճներում, որտեղ այս տարի աշխույժ ելումուտ էր: Ֆիլմեր կային, որոնց տոմսերը ցուցադրությունից 2 օր առաջ էին սպառվել: Հասարակության հետաքրքրությունն անհամեմատ մեծ էր, քան նախորդ տարիներին:
Իսկ լրագրողներին ու կինոգետներին «Ոսկե ծիրանը» նաև մասնագիտական պարտականություններ թելադրող իրադարձություն էր, որի ավարտից հետո ինքներս մեզ վրա զարմացանք` ինչպես հասցրինք ներկա լինել, լուսաբանել միջոցառումները ու դեռ ֆիլմեր դիտել:
Փառատոնն ունի ավանդական դարձած ծրագրեր, որոնք նախադրյալներ են ստեղծում հաջորդ «Ոսկե ծիրանի» ու համատեղ ֆիլմարտադրություն իրականացնելու համար: Հայ-թուրքական պլատֆորմի շրջանակում անցած տարիների ընթացքում 13 համատեղ ֆիլմ է նկարահանվել: Նման ծրագրերը ենթադրում են գործընկերային համագործակցություն ու ընդհանուր հետաքրքրություն ֆիլմարտադրության ոլորտում: Նույն նպատակն է հետապնդում «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որը ֆինանսական աջակցություն է ցույց տալիս լավագույն կինոսցենարներին, որպեսզի դրանք մոտ ապագայում ֆիլմերի վերածվեն: Առաջին մրցանակի պարգևը 5000 եվրո է, մյուս երկուսինը` 3.500-ական: Այս ծրագրում Հայաստանը ներկայացրել է 5 կինոնախագիծ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ