Զարգացած դեմոկրատիաներում, եթե կառավարությունը չի ապահովում իր ծրագրով սահմանված ցուցանիշները, ապա կանգնում է հրաժարականի առաջ: Եթե չի տալիս հրաժարական, ապա առաջ է գալիս կառավարության գործունեության սահմանափակման, համակարգային գործառնականության խեղման վիճակ առնվազն 2 մակարդակում. 1.դա կոնսերվացնում է սոցիալ-քաղաքական դժգոհություններ, որոնք իշխանությանը կանգնեցնում են ստիպողական հրաժարականի ծանր հետևանքների առաջ, 2.քաղաքական ուժը միշտ էլ ունի իշխանության նվաճման և պահպանման խնդիր ու նպատակ, հետևաբար այն միշտ մտածում է սեփական ռեյտինգի մասին հաջորդ ընտրությունների համար, ուստի հրաժարական չտալու դեպքում կկորցնի հեղինակության ու լեգիտիմության ռեսուրսը՝ առանց որոնց հնարավոր չէ իշխանության հասնել: Մեր պարագայում, երբ գործ ունենք հիբրդային ռեժիմի հետ, որտեղ քաղաքական շատ հարցեր որոշվում են մեկ խմբի կողմից նման խնդիրները գրեթե չեն անհանգստացոնւմ իշխող մեծամասնությանը հատկապես 2-րդ մակարդակում: Հիմա կառավարությունը չի ապահովել նախանշված տնտեսական աճի ցուցանիշը, ինչը սահմանված էր որպես կառավարության հրաժարականի փորձություն (չնայած այդպիսի սպառնալիք դեռևս չկա): Ծրագրային թերացումներն այստեղ օգտագործվում են հանրության մանիպուլյացիայի էֆեկտով:

Մի կողմից ցույց է տրվում, որ իշխանությունը հաշվի է առնում կառավարության թերացումները, սակայն մյուս կողմից դա օգտագործում է որոշ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: Գաղտնիք չէ, որ այսպիսի ռեժիմներում կառավարության ծրագրերը «լուծվում» են կուլիսներում, քան դրանք ունենում են իրական արդյունք: Նման գործելաոճն ունի դրսևորման հետևյալ ուրվապատկերը. կախված քաղաքական նպատակից, եթե քաղաքական օրակարգում առկա է կառավարության հրաժարականի ցանկություն, ապա ստեղծվում է այնպիսի դաշտ, որը հանրության կարծիքը տեղափոխում է անհրաժեշտ հուն՝ ստեղծելով թափանցիկության և դեմոկրատական գործելաոճի իմիտացիա, որով, ըստ էության, հող է նախապատրաստում հրաժարականի համար: Այսպիսով, իշխանությունը ձգտում է հանրային դժգոհությունները շեղել կառավարության հրաժարականի շուրջը և փոշիացնել այն՝ կամ հրաժարականով կամ նույնիսկ դրա ընդամենը խաղարկումով՝ կախված քաղաքական կոնյունկտուրայից: Իրականում, սակայն, դա լուծում է իշխանության վերարտադրման խնդիր. տեղի է ունենում ոչ թե էլիտաների հավաքագրում, այլ՝ շրջապտույտ, որը չի փոխում իշխանության մոտիվը, կառուցվածքը, էությունը, անգամ՝ կազմը: Համակարգի մշտական ադապտացիայի հրամայականը ստանում է իմիտացիոն բնույթ, որը հղի է այդ նույն համակարգի ընթացքի ընդհատման վտանգով, ինչպես ներսից, այնպես էլ՝ շրջակա միջավայրից՝ հանրությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել