Սկսվում է տոնական եռուզեռը, մարդիկ պրպտումների մեջ են, որոշում են ոնց անել, որ այս տարին ավելի լավ, գեղեցիկ ու հետաքրքիր դիմավորեն: Իսկ մեր հեռուստաալիքներում ամեն տարվա պես, առանց որևէ տառ անգամ փոխելու, տոնական լոտոների գովազդի, Կոկա-Կոլայի «Տոներն են մոտենում» երգի ներքո մոտեցող հավերժական բեռնատարների նման ռեպորտաժներն են արշավելու: Որ ալիքը միացնես` նույն թեման, նույն ձևով էլի գնալու է: Նոր տարի է գալիս, ապագայի հանդեպ հետաքրքրություն է «արթնանում», որը մեր սիրելի լրագրողներն արդեն քանի տարի է, նույն սցենարով են ներկայացնելու: Կարող եք հեռուստացույց չնայել, Նոր տարվա կանխատեսումների մասով ռեպորտաժները ես կպատմեմ հիմա: Ուրեմն, սկզբի համար լրագրողը գնալու է մի գուշակի մոտ, նա ինչ-որ բաներ է պատմելու: Հետո դիմելու է հոգևորականի, որը խաղաղ դեմքով, հեգնանքով, կամ առանց դրա, ասելու է, որ այդ ամենը փուչ բաներ են, որ դրանք չարից են գալիս և այլն, և այլն: Եթե չալարեն, մի հատ էլ հոգեբանի կդիմեն, ով լուրջ դեմքով կպատմի, թե, օրինակ, մալազիացի գիտնականներն ինչ հետազոտություն են արել:
Մի խոսքով, սա մոտավոր սցենարն է, որը մի քանի տարի առաջ դեռ ակտուալ էր: Հիմա, ինչ եմ ուզում ասել: Հարգելի լրագրողներ, մի քիչ էլ մտածեք նոր բան ներմուծելու մասին, արդեն անգիր արած ոչինչ հետաքրքիր չէ: Հարգելի հեռուսաընկերությունների ռեժիսորներ, թողարկման պատասխանատուներ (չեմ իմանում, թե կոնկրետ ով է դրանով զբաղվում), առաջարկում եմ մի քիչ տարբերվել Կոկա-Կոլայից: Նա նույնն է, դրա համար կարող է գովազդը չփոխել (չնայած, էլի, երբեմն փոփոխում է), իսկ դո՞ւք, չե՞ք մտածում, որ կարելի է նոր կողմից, ինչ-որ նոր եղանակով ներկայացնել:
Հա, մի բան էլ հիշեցի, այն, որ այդ կարգի բոլոր ռեպորտաժներն ավարտվում են մարդկանց հարցումներով, որտեղ գրեթե բոլորն ասում են, որ սնահավատ չեն, ոչ մի նման բանի չեն հավատում և այլն. ասացեք խնդրեմ, բա ինչո՞ւ են բոլոր թերթերն ու կայքերը գլխակոտոր տեղադրում ամենաօրյա հորոսկոպներ և տեղեկացնում, թե որ լուսնային օրն է, թե Նոր տարին դիմավորելիս ինչ շոր է պետք հագնել ու ինչ դնել սեղանին Ո՞ւմ համար եք դա անում, եթե ամեն կերպ պարտավորված եք զգում հեռուստադիտողին համոզել, որ մարդիկ չեն հավատում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/656333784389902
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել