Կոմիտասի աշակերտուհի եւ երկրպագու Մարգարիտ Բաբաեանը պատմում է. տնտեսական սուղ պայմաններում ապրող Կոմիտասը մի անգամ իրենց այցելելից, մայթեզրին նկատում է մաշուած մի քսակ: Կանգ է առնում ու վերցնում. «Ո՞ւմ քսակը կարող է լինել: Իհարկէ` ոչ ունեւոր մարդու»”: Բաց է անում ու ծանոթանում քսակի պարունակութեանը. մի քանի ֆրանկ ու մանր դրամներ: Բայց որտեղի՞ց գտնել քսակի կարիքավոր տիրոջը, որ երեւի, յուսահատ դեսուդեն է ընկնում հիմա:
Ժամադրութեան ու ճաշի շտապող Կոմիտասը քարացած մնում է տեղում` անձկութեամբ նայելով անցորդներին: Ով կորցրել է` շուտով կը յայտնուի: Եթէ հեռուից երեւում է շատ համեստ հագնուած մէկը, վարդապէտը յոյսով է լցւում, բա՜յց… չի յայտնւում քսակի տէրը:
Անցնում է կէս ժամ, մի ժամ, երկու ժամ, ոչ ոք չի գալիս կորցրածը փնտրելու, ոչ ոք չի հարցնում, թէ արդեօք տեսե՞լ է մի քսակ:
Կոմիտասը անհանգստանում է. արդէն շատ է ուշացել ժամադրութիւնից: Չէ՞ որ հիմա Բաբաեանները չեն ճաշում եւ իրեն են սպասում: Տգեղ ու անյարմար վիճակ ստեղծուեց:
Մի ժամ եւս անցնում է սպասողական լարուած վիճակում: Կոմիտասը սկսում է ջղայնանալ:
Նորից ստուգում է ժամանակը: Երեք ժամ է որ կանգնած է փողոցում: Եւ ահա հեռուից նկատում է, թէ ինչպէս մայթն ու մայթեզրերը պրպտելով, դանդաղ մոտենում է մանկամարդ մի կին: Հասարակ զգեստ է հագին. դժգոյն է ու անհանգիստ:
Կոմիտասը հարցնում է անմիջապէս.
- Ի՞նչ եք որոնում տիկի՛ն:
- Հա՛յր սուրբ, հացի գնալիս` կորցրել եմ վերջին սանտիմներս. իսկ տանը, քաղցած երեխաներն ինձ են սպասում:
Արտասուքներ են նկատւում կնոջ կապոյտ, տագնապալի աչքերում:
- Կարո՞ղ եք ասել, ի՞նչ գոյնի էր ձեր կորցրած դրամապանակը:
- Մոխրագոյն, մաշուած քսակ էր:
Կոմիտասը ժպտում է գոհունակ, գրպանից հանում քսակը, հանձնում մանկամարդ տիկնոջը, յաջողութիւն ցանկանում եւ շտապում Բաբաեանների բնակարանը: Հուզուած էր. կեանքում առաջին անգամ ժամադրութիւն չէր յարգել:

հ.գ. հատուածը վերցուած է Ստեփան Կուրտիկեանի "Կոմիտասեան ղողանջներ" գրքից, 1969թ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել