1in.am-ը գրում է.

Հայաստանում տաքսի ծառայությունների լիցենզավորման ոլորտում փոփոխություններ կատարելու, ընդհանրապես ոլորտի կարգավորման անհրաժեշտություն կա: Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը տեղեկացրեց, որ ոլորտի կարգավորման հարցը ներառված է վարչապետի առաջ քաշած գիլիոտին ծրագրի մեջ. նպատակ կա վերացնել ավելորդ վարչարարությունները: 

«Արդեն իսկ պատրաստվել է օրենք, որի ընդունումը երկար ձգվեց, բայց հուսանք՝ ԱԺ արտահերթ նիստում այն կընդունեն: Տարեկան տուրքը տաքսիստների համար ներկայումս 25 հազար դրամ է, որ միանվագ է վճարվում. նոր օրենքով դա ամիսների մեջ պիտի բաժանվի: Նոր օրենքով կկրճատվեն լիցենզիա ստանալու ժամկետները, դեղին համարանիշերը պետք է փոխարինել ինքնակպչուն ցուցանակներով, որ մեքենայի վրա պիտի փակցվեն՝ լիցենզավորվածը ոչ լիցենզավորվածից տարբերելու համար. դա արվում է ոչ միայն հաճախորդների, այլև վերահսկող մարմնի համար: 

Շուկայում ստեղծվել է տարօրինակ վիճակ: Օրինապահ ընկերությունները ոչ շահեկան վիճակում են. մեծ թվով մեքենաներ կան, որոնք օրենքի դաշտում չեն»,- ասաց նա: 

Սահակյանի խոսքով՝ տաքսի ծառայությունների ոլորտը մեր երկրում բավական զարգացած է: Պատճառը ոչ թե բնակչության սոցիալական լավ վիճակն է, այլ այն, որ տաքսին ձեռնտու է: Երկու տարվա վաղեմության ուսումնասիրություններով՝ 600 հազար ուղևորափոխադրումից 200 հազարը տաքսիներին է բաժին ընկնում: Այսօր թիվը փոխվել է. ուղևորափոխադրումների մոտավորապես կեսն է բաժին ընկնում տաքսիներին: 

Բանախոսը նշեց, որ սխալ օրենքների պատճառով հերթական անգամ փակվում են մեծ ընկերությունները, ավելի շահավետ է դառնում մասնավոր տաքսիստների աշխատանքը, վարորդները դուրս են գալիս աշխատանքից, էժանագին մեքենաներ վերցնում, անհատաբար սպասարկում: Նոր տարբերանշանները բացառապես անվճար են լինելու, իսկ դեղին համարների համար որոշված է՝ հաջորդ պետտուրքը վճարելու ժամանակ դրանք հետ են հանձնվելու: 

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետևանքով տաքսիների գնի բարձրացման մասին խոսել դեռ չի կարելի: Ըստ Սահակյանի՝ եթե հասարակական տրանսպորտը թանկանա, տաքսիները մնան նույնը, ապա այստեղ նույն ԱՄՆ օրինակը կլինի, որտեղ հասարակական տրանսպորտ չկա, միայն մետրոն է և տաքսիները: 

«Եթե խելացի լինեն տաքսի ընկերությունները, ուղղակի չեն թանկացնի ուղեվարձը: Մարդիկ տարբերում են անգամ տաքսի-ծառայությունների մեքենաները մասնավորից, բացի դրանից՝ հիմնականում ունեն մշտական հաճախորդներ և տաքսի ծառայություններ, ուստի ուղեվարձի բարձրացման հարցը շատ բարդ է: Վերջին 10-15 տարիներին, եթե նկատել եք, միայն տաքսի ծառայությունների գները չեն բարձրացել: Տաքսիների 100 դրամը՝ կմ-ի համար, շուկայի թելադրանքն է ընդամենը, չնայած որոշ վայ-տաքսիստներ այնքան էլ հավատարիմ չեն մնում դրան, նստելավարձի հաշվին թանկացնում են: Ճիշտ է՝ որոշ չափով գնի բարձրացման միտում կա, սակայն շատ քիչ, գազի գնի բարձրացման հետ կապված: Միաժամանակ դժվար կանխագուշակելի է՝ ՄՄ անդամակցելուց հետո ի՞նչ գին կլինի, եթե ներկրվող պահեստամասերը թանկանան»,- ասաց նա: 

Սահակյանը նշեց, որ հաշվիչների հարց, իրոք, կա. շուկան վերահսկվում է, կարիք կա այդ չափիչ սարքերը ժամանակ առ ժամանակ ստուգելու, որ ժամանակը և տարածությունը ճիշտ ֆիքսեն, իսկ մեքենայի տեսախցիկում՝ տեսանելի վայրում, պիտի լինի գնացուցակ: 

Քաղաքացիական դիրքորոշում ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը համոզմունք հայտնեց՝ որքան շուտ ընդունվի այս օրենքը, այնքան շուտ անորոշությունը կվերանա: «Նոր օրենքում առավելությունն այն է, որ այս ինքնակպչուն տարբերանշանները կարող են վերցնել և՛ մեկ ամսով, և՛ եռամսյա կտրվածքով՝ ցանկացած ժամանակահատվածում: Դրանց ամսական վճարը 12 հազար, տարեկանը՝ 120 հազար դրամ է»,- ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել