Panorama.am-ը գրում է.
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն անցնող 2013-ը արդյունավետ չի համարում գյուղատնտեսության ոլորտի համար, աշխատանքները կատարվել են թերի, ինչը մասնագիտական գիտելիքների պակասի հետևանք է: Նախարարության հրապարակած թվերի մի մասն էլ, ինչպես Panorama.am-ի հետ զրույցում պնդեց Բերբերյանը, ուղղակի նկարված են. «Աշխատանքը գնահատվում է ոչ թե Թերլեմզյանի նկարչական ուսումնարանն ավարտելով, այլ լավ արդյունքներով»:
«Բնագավառում ստեղծվել է մի քանի համակարգ` ոռոգման, հակակարկտային և այլն, որոնք աշխատում են իրենք իրենց համար: Կարծում եմ, նախարարությունը հենց այս խնդիրներով պետք է զբաղվեր, գյուղացուն թալանից պաշտպաներ և ոչ թե Երևանում տոնավաճառներ բացելով, որտեղ գները Կոմիտասի կամ երևանյան այլ շուկաներից բարձր են»,-ասաց միավորման նախագահը:
Բերբերյանի գնահատականները գյուղատնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ.
Կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են. խոսքը 3-4 հազար հեկտարի մասին է: Մյուս տարի էլ նվազելու միտում կա` մոտ 1000 հա-ով, այստեղ կայուն վիճակ է, բայց անելիքներ դեռ կան: «Եթե գյուղացուն կարողանանք ապահովել սերմացուով և խոչընդոտներ չլինեն արհեստական, արտադրությունը կայուն կլինի, ապա բերքատվությունն այս տարվանից վատ չի լինի: Արտահանման առումով խնդիրներ եղան. Կլանային տնտեսության ներկայացուցիչները փորձում էին սահմանի վրա խնդիրներ ստեղծել, սակայն չստացվեց, հիմա արտահանումը շարունակվում է, գներն էլ գյուղացու համար շահութաբեր են: Եթե երեք տարի այս տեմպերը պահենք, և մենք կփորձենք պահել, որովհետև մասնավոր սեկտորի կողմից վերջին 15 տարվա ընթացքում մոտ 15 մլն եվրոյի ներդրում է կատարվել, ապա ես խոստանում եմ, որ տարածաշրջանում Հայաստանը կարտոֆիլի գծով կդառնա փոքր Հոլանդիա: Տեսեք, եթե խանգարող չկա, շահույթ կա, գյուղացին առանց պետության ներդրումներ էլ է անում»:
Հացազգիները բարվոք վիճակում են: «Կառավարության հնգամյա ծրագիրն իր ավարտին է մոտենում և մենք այստեղ ունենք սերմերի կայուն բազա, չնայած եղան նեգատիվ երևույթներ, գիտեք գյուղացիները դժգոհում էին որակից, անփութության հետևանքով վատ սերմացու էր ներկրվել Հայաստան: Բայց ինչևիցե գործն արված է դրական, հաջորդ տարի այստեղ պրոբլեմ չենք ունենա, այս տարի էլ չունենք»: Նա այդ ֆոնին մտահոգիչ է համարում ցորենի ներկրման ծավալները: «Այստեղ էլ թվերի անալիզը բերում է նրան, որ «գործիչները» փորձում են իրենց աշխատանքը գերազանց ցույց տալ, փառք աստծո, պլանային պետություն չենք, շուկայական հարաբերություններ են, և ներկայացրած ցուցանիշները որևէ մեկի վրա չեն ազդի, շուկան է որոշում»:
Ծիրանի համար հաջող տարի էր: «Բայց գիտեք հաջորդ տարի ծիրանի նման բերք պետք չէ սպասել: Այգիները պետք է հանգստանան, դա նորմալ երևույթ է: Մթերման հետ կապված խնդիրներ եղան, գյուղնախարարության աշխատակիցներից մեկը, որին ես համարում եմ անչափահաս, հայտարարեց, որ ծիրանի մթերման գինը 600 դրամ է, մթերող ընկերությունն եկավ, ասեց` 250 դրամ, իսկ հավաքած ծիրանն այդպես էլ մնաց, փչացավ: Խեղճ գյուղացին վերջը 70 դրամով հանձնեց պահածոների գործարան»:
Խաղողագործության ոլորտում իրավիճակը կայուն է, ինչ վերաբերում է խնձորին, վիճակը վատ է, նոր այգիներ չեն հիմնվում: «Վերջին երկու տարում տեղական խնձորի գինը չի իջնում»:
Անասնապահությունն ու անասնաբուծությունը զավեշտալի վիճակում են: «Ունենք բրուցելյոզ, սիբիրախտ, տուբերկուլյոզ: Սրանց հարցը տարիներով չի լուծվում: Ի զարմանս մեզ, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ այս տարվա 9 ամիսներին 50 տոննա ավելի շատ կաթի փոշի է ներկրվել Հայաստան, մինչդեռ գյուղատնտեսության նախարարությունից հայտարարում են, թե անսանագլխաքանակը, այդ թվում տավարինը, ավելացել է: Սա մեզ կասկածելու առիթ է տալիս, որ այդ թվերը կեղծ են»: Ինչ վերաբերում է մսի գնի անկմանը, որը պատասխանատուները պայմանավորում են անասունների գլխաքանակի աճով, Բերբերյանն այլ կերպ է մեկնաբանում. «Մենք ունենք 300 հազար արտագաղթ, ինչը բնակաբանար, պետք է ազդեր մսի սպառման ծավալի վրա: Օգտվելով առիթից բնագավառի «մասնագետները» հայտարարում են, թե ռեկորդային գլխաքանակի աճ ունեն: Իսկ եթե ինձ եք հարցնում, ապա գլխաքանակի աճ չի եղել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ