Armsport.am-ը գրում է.
«Արարատի»`մրցաշարային աղյուսակի առաջատար լինելը դարձավ Հայաստանի առաջնության առաջին կեսի գլխավոր իրադարձությունը:
Armsport.am –ի հետ զրույցում երևանյան ակումբի գործադիր տնօրեն Արթուր Մինասյանն ամփոփեց մրցաշրջանի առաջին հատվածի արդյունքները, ինչպես նաև խոսեց թիմի՝ գալիք տարում նախանշված ծրագրերի մասին:
- Դուք «Արարատի» վետերաններից մեկն եք, իսկ թիմի կազմում ավելի քան 300 հանդիպում եք անցկացրել: Անկնկալու՞մ էիք, արդյոք, որ այս տարվա սեպտեմբերին Ձեզ կվստահեն ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը:
- Երջանիկ եմ, որ «Արարատում» այդքան հանդիպում եմ անցկացրել, բայց այս տարի որոշեցի՝ հեռանալ մեծ ֆուտբոլից: Ինձ առաջարկեցին՝ ստանձնել ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը ու ես համաձայնեցի: Երախտապարտ եմ ակումբի սեփականատիրոջը՝ նման վստահության համար:
- Մրցաշրջանի մեկնարկից առաջ, սպասու՞մ էիք, որ թիմն առաջին շրջանը կեզրափակի առաջատարի կարգավիճակում:
- Սպասում էի, որ մենք պետք է լավ ելույթներ ունենանք, քանի որ մեզ հաջողվել էր՝ նախապատրաստական լավ փուլ անցկացնել և ուժեղացնել թիմի կազմը՝ լավ ֆուտբոլիստներով: Բայց, եթե անկեղծ, մրցաշրջանի մեկնարկից առաջ, չէի կարող պատկերացնել, որ մենք տարին կավարտենք առաջին հորիզոնականում:
Այդ ամենը հնարավոր դարձավ՝ շնորհիվ ֆուտբոլիստների և թիմի մարզչական անձնակազմի լավ աշխատանքի: Մեզ մոտ լավ և ընկերական կոլեկտիվ է ձևավորվել, որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պատասխանատվություն է զգում՝ կրելով լեգենդար ակումբի մարզաշապիկը:
- «Արարատի» հաջող մրցելույթների լույսի ներքո՝ արդյո՞ք, ակումբի սեփականատերերը մտադիր են ավելացնել թիմին հատկացվող ֆինանսական ներդրումները:
- «Արարատի» ղեկավարությունը մեծ ոգևորությամբ ընդունեց թիմի վերջին հաջողությունը: Մենք՝ բոլորս հավաքվել և նշել ենք այս արդյունքը: Մենք պետք է նոր համալրումներ կատարենք և լավ նախապատրաստվենք առաջնության երկրորդ կեսին:
- Խոսենք ակումբի՝ կառուցման փուլում գտնվող Ձորաղբյուրի մարզաբազայի մասին: Այս տարի, ի՞նչ է արվել այնտեղ և ե՞րբ է նախատեսվում ավարտել շինարարական աշխատանքները:
- Այս տարի, մարզաբազայում մեծ աշխատանք է կատարվել և, ներկայումս, կառույցի տարբեր հատվածներում ընդամենը «կոսմետիկ» շտկումներ են մնացել: Շուտով շահագործման կենթարկվի այն հաստատությունը, որտեղ պետք է տեղակայվի ակումբի դպրոցը: Կարծում եմ, մոտ ապագայում Ձորաղբյուրում հնարավոր կլինի արդեն հավաքներ անցկացնել: Բացի այդ, ակումբն օգտվում է հողագործի ծառայություններից, ով հետևում է խոտածածկի որակին:
Դժվար է ասել, թե մարզաբազայում ամբողջապես երբ կավարտեն աշխատանքները, սակայն ֆուտբոլային ենթակառուցվածքի շինաշխատանքները կավարտվեն 2-3 ամսից:
- Արդեն հիշատակեցիք կառուցվող դպրոցի մասին և մեր հաջորդ հարցը հենց «Արարատի» ակադեմիան է վերաբերում: Որքա՞ն պատանեկան թիմեր են, այժմ, մարզվում Ձորաղբյուրում:
- Մենք ունենք տարբեր տարիքային խմբերի 5 թիմեր: Քանի որ դպրոցի շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չէին, Ձորաղբյուրում մարզվում էին միայն երկու տարիքային խմբերի թիմեր, իսկ մյուս երեքը՝ մեր մարզիչների ղեկավարությամբ, առայժմ ժամանակավորապես, պարապմունքներ են անցկացնում Մասիսում:
Այժմ, մեզ մոտ մարզվում են ոչ միայն երևանաբնակ, այլև աբովյանցի, մասիսցի և հարակից բնակավայրերի երեխաները: Երբ դպրոցի շինաշխատանքներն ավարտվեն, բոլոր թիմերը մարզվելու են Ձորաղբյուրում: Նշեմ նաև, որ ապագայում, ծրագրում ենք ավելացնել թիմերի քանակը:
- Տեղեկություն կա, որ գալիք տարի, «Արարատն» ու Մոսկվայի «Սպարտակը» մասնակցելու են երևանյան ֆուտբոլային մրցաշարի: Ինչպե՞ս առաջացավ նման մրցաշար անցկացնելու մտահղացումը:
- ՀՖՖ-ն առաջարկեց մեզ՝ մասնակցություն ունենալ այդ մրցաշարին և մենք համաձայնեցինք: Մեր տեղեկություններով, «Արարատից» և «Սպարտակից» բացի, առաջնությանը մասնակցելու են ևս երկու թիմեր, բայց դրանց անուներն, առայժմ, հայտնի չեն մեզ: Մրցաշարը նախանշված է 2014 թ. ամռանը, բայց, առայժմ, հայտնի չեն դրա անցկացման ստույգ ժամկետները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ