Մատենադարանի նոր շենքի միջանցքում հիացած չորս կողմս էի նայում՝ մաքրություն , կարգ ու կանոն, ակտիվություն, քաղաքակիրթ վերաբերմունք, ժպտերես ու ինտելեկտով մարդիկ ...եւ մի տնօրեն, որի միայն համեստությունը կարող է յուրաքնչյուր հայի համար որպես օրինակ ծառայել եւ մի ճարտարապետական կառույց, որը կարող է յուրաքանչյուր հայի հպարտությունը համարվել:
Կանգնել էի ընկերոջս հետ, որը պիտի հանդիպեր ինչ որ գիտաշխատողի հետ, իսկ մինչ նրա հայտնվելը, մտածում էի երեւի Մատենադարանը մեր բոլոր հայերի երազած Հայաստանի մանրակերտն է՝ մաքուր ու գեղեցիկ փողոցներ,քաղաքացիական հասարակություն, կարգ ու կանոն, հարգալից վերաբերմունք, քաղաքակիրթ երկիր, համեստ պաշտոնյաներ...
Միջանցքի խորքից հայտնվեց մարդը, որին սպասում էինք: Ջերմորեն բարեւեցինք ես ու ընկերս: Պատասխան չկար, միայն նրա կոկորդից մուննաթախառն հնչյուններ դուրս պրծան հետեւյալ բովանդակությամբ.
-«Առաջ անցեք»:
Մի պահ ինձ զգացի որպես թուրքի, որը գրոհել է Մատենադարանն ու ձերբակալվել: Չշարժվեցի տեղիցս ու առաջ չանցա , միայն հրաժեշտ տալով ընկերոջս դուրս եկա շենքից:
Իրականի ու հեքիաթայինի մեջտեղում շվարած քարացել էի մուտքի մոտ, չցանկանալով դուրս գալ քաղաք ու Ալիսի պես մտնել «հրաշքների» աշխարհ, հանդիպելով անհավես ու անբարեւ մարդկանց:
Տակսի նստեցի: Բարեւեցի ու էլի անպատասխան մնաց բարեւս: Վարորդը խորասուզվելով իր պապիրոսի ծխի քուլաների ու «մագից» հնչող կլարինեթի մեղեդիների սրտաճմլիկ ելեւեջների մեջ, նույնիսկ շուռ չեկավ նայելու թե ո՞վ բացեց դուռն ու նստեց:
Քիչ հետո տակսուց իջա ու շարունակեցի ճամփորդությունս մուննաթապատ «հրաշք» աշխարհում:
Մի աշխարհ, որտեղ Տղամարդը առավոտյան մուննաթով խմում է կնոջ պատրաստած սուրճն ու մուննաթով տանից դուրս գալիս:
Մի աշխարհ, որտեղ քեզ մեղավոր ես զգում , որ ավտոդ սարքին է ու հարեւանիդ ավտոն անսարք :
Մուննաթի հիման վրա կառուցված զոքանչափեսայական, սկսեսուրահարսնական եւ այլ տեսակի փոխհարաբերություններ:
Մի աշխարհ, որտեղ աշխատանքային ժամը սկսում է 9-ին բայց աշխատողը մուննաթով բարեհաճում է աշխատավայր ժամը 10:30-ին, ու միայն մի բաժակ մուննաթով սուրճ ըմպելուց հետո նստում իր տեղն ու որոշում մեր մեջ ասած «աշխատել»:
Մի աշխարհ, որտեղ պարտքով փող են վերցնում՝ անպայման մուննաթով ու կրկնակի մուննաթով չեն վերադարձնում:
«Փողին մուննաթ» կարգախոսով աշխարհ:
Մի աշխարհ ու մուննաթով՝ անգամ «Մուննաթ» մականունով պաշտոնյաններ:
Մի աշխարհ, որտեղ մուննաթով «խադավիկը» ամենաշատը անսարք ավտոյի հավեսը չունի, եւ բանկի մուննաթով աշխատողը ոչ փող ստանալու, ոչ փող տալու եւ առավել եւս քո հավեսը չունի:
Հայկական մուննաթը հազարամյակների պատմություն ունի:
Հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի է ունեցել մուննաթախառն պառակտում, հենց այն պահին, երբ թուրքական բանակը հարձակվել է երկրի վրա, իսկ Հայաստանն, երբ ընկել է արաբական լծի տակ, իշխանները մուննաթի ալիք են բարձրացրել արքայի դեմ:
Մուննաթ գալու պատճառների մասին թող խոսեն հենց մուննաթ եկողները՝ գիտաշխատողը,տակսու վարորդը, հիմնարկի ու բանկի աշխատողը, խադավիկը եւ վերջապես ես , դու, բոլորս... խոսենք ու պատասխանենք մի հարցի: Ինչու՞ է հայը հենց հայի վրա մուննաթ գալիս:
Մինչ հարցին պատասխանելը թերեւս ամեն առավոտ արթնանալիս «մուննաթ գալուց» ազատվելու վարժանքներ կատարենք, կրկնելով Սայաթ Նովայի խոսքերը.
Գ’ուզիմ ումբրըս հենց անցկացնիմ` օրըս մունաթ չըքաշե.
Թեգուզ հազար դարդ ունենամ` դարըս մունաթ չըքաշե: