.. եւ յօրհնութիւն Ամենակալին, որոյ միայն Է կամել
եւ կամել այսպիսի այր հանճարեղ` Յաղթող եւ Մեծ,
նամանաւանդ մեծագործ, որպէս արժան եւ իրաւացի
վարկանիմ կոչել եւ կնքել զմերս Լեւոն Առաջին
թագաւոր Սիսուանայ՚։
Ղեւոնդ Ալիշան
11-րդ դարում ստեղծված Կիլիկիայի հայկական իշխանության կայացումն ու ամրապնդումը ընթանում Էր հարևան մահմեդական, լատինական իշխանությունների և Բյուգանդական կայսրության թշնամական նկրտումների դեմ պայքարի պայմաններում։ Ռուբինյան իշխանների անձնազոհ պայքարի և հետևողական քաղաքականության շնորհիվ հայոց իշխանապետությունն աստիճանաբար զորանում ու ընդարձակվում Էր։
Ռուբինյան Լևոն Երկրորդ իշխանի օրոք նրա ջանքերով և խելամիտ գործունեության շնորհիվ հայոց իշխանությունը հասավ հզորության բարձրակետին, դուրս եկավ Կիլիկիայի աշխարհագրական շրջանակներից, վերածվեց թագավորության, իսկ Լևոնն էլ դարձավ Կիլիկիայի հայոց առաջին թագավորը։
Լևոնը հայոց իշխան Ռուբեն Բ-ի եղբայրն էր, նրա գահակիցը և օգնականը։ Երբ վերջինս զոհ գնալով Անտիոքի դքսի խարդավանքներին կանչվեց Անտիոք և ձերբակալվեց` Լևոնը դարձավ երկրամասի փաստական տերը, իսկ երկու տարի անց, երբ Ռուբենն ազատվեց գերությունից և հօգուտ եղբոր հրաժարվելով գահից հեռացավ վանք` այդ դերն ամրապնդվեց նաև իրավական առումով։ Լևոն Բ-ի կառավարման հենց սկզբում Իկոնիայի սուլթանության զորքերը ներխուժեցին հայկական իշխանության սահմանները, սակայն վճռական ճակատամարտում հայկական զորքերը պարտության մատնեցին թշնամուն։ Այնուհետև, երկրի պաշտպանությունն ապահովելու և հուսալի դարձնելու նպատակով Լևոնն Իկոնիայի սուլթանությունից խլեց մի քանի բերդեր` դրանք դարձնելով պաշտպանական ամուր հենակետեր։
Այնուամենայնիվ, տարածաշրջանում ստեղծվել էր բավական բարդ քաղաքական իրավիճակ։ Եգիպտոսի Էուբյան սուլթան Սալահ-ադ-Դինը ձգտում էր իր գերիշխանությունը հաստատել Մերձավոր Արևելքում։ Վերջինս, նվաճելով Դամասկոսի և Հալեպի ամիրայությունները, Երուսաղեմի թագավորությունը սկսել էր սպառնալ Կիլիկիայի հայոց իշխանապետությանը։ Իսկ Բյուզանդական կայսրությունը թեև զրկվել էր իր նախկին հզորությունից ու դիրքից, սակայն դեռևս ազդեցիկ ուժ էր։ Այս պայմաններում կազմակերպվեց խաչակրաց երրորդ արշավանքը։ Կողմնորոշվելով բավականին բարդ միջազգային իրադրությունում` Լևոնը բանակցություններ սկսեց ծանր պայմաններում գտնվող խաչակիրների հետ և պատրաստակամություն հայտնեց օգնել նրանց, փոխարենը` թագ ստանալու և իրեն թագավոր ճանաչելու պայմանով։
Թեև Արևելքում խաչակիրների հայտնվելն առժամանակ հայկական իշխանության համար Սալահ-ադ-Դինից եկող սպառնալիքը չեզոքացրեց, այնուամենայնիվ Լևոն Բ-ն խաչակիրների հետ բավական զուսպ հարաբերություններ հաստատեց։ Վերջիններիս նկատմամբ նրա դրական վերաբերմունքը դրսևորվեց պարենային և այլ կարգի օգնություն ցուցաբերելով, ասպետական միաբանություններին սահմանապահ ծառայության նպատակով որոշ տարածքներ տրամադրելով, իսկ ռազմական համագործակցությունը դրսևորվեց դեպի բյուզանդական Կիպրոս կատարված ռազմարշավով։ Ուշագրավ է, որ այս պայմաններում, երբ մթնոլորտը լցված էր ՙտիրոջ գերեզմանն անօրեններից փրկելու՚ ՙսրբազան պատերազմի՚ գաղափարներով Լևոնը խաչակիրների հետ միասին հակամահմեդական արկածախնդիր պայքար չծավալեց և ապահովելով երկրի անվտանգությունը Արևմուտք-Արևելք հակամարտության մեջ հավասարակշիռ դիրք որդեգրեց ։
Հայկական իշխանության ամրապնդման ուղղությամբ Լևոնի ձեռնարկած կարևոր քայլերից էր Անտիոքի դքսության ենթարկեցումը։ Լևոն Բ-ն խափանելով դքսի դավադրությունը գերեց նրան և ստիպեց ընդունել Հայոց իշխանության գերիշխանությունը, վերադարձրեց դեռևս Ռուբեն Բ-ի օրոք գրավված տարածքներն ու ամրությունները, պայմանավորվածության համաձայն դքսի որդին ամուսնացավ Լևոնի եղբոր դստեր հետ, իսկ այդ ամուսնությունից ծնված զավակը պիտի ժառանգեր դքսությունը։ Դրանով Լևոնը Անտիոքի դքսությունը հայկական իշխանությանը կցելու իրավական հիմք ստեղծեց, և հետագայում նորածին Ռուբեն-Ռայմոնդը գահաժառանգ հռչակվեց։ Լևոն Բ-ի ձեռնարկած քայլերը հայկական իշխանության ամրապնդման գործում, հաղթանակները թշնամիների դեմ, վարած ակտիվ ու խելամիտ քաղաքականությունը մեծացրել էին հայոց իշխանի հեղինակությունն ու փառքը, և նրան միայն թագավորական թագն էր պակասում։ Գերմանական և բյուզանդական կայսրերի հետ վարած բանակցությունները տվեցին իրենց պտուղները։ 1198թ. հունվարի 6-ին Տարսոնում հանդիսավոր պայմաններում հայոց մեծամեծների, օտարերկրյա դեսպանների, համայն ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցավ Լևոն Բ-ի թագադրության հանդիսավոր արարողությունը, վերջինս օծվեց ՙթագաւոր ամենայն Հայոց և նահանգին Կիլիկիէցոց և Իսաւռիոյ՚։ Այս փաստը որպես կորսված հայկական թագավորության վերականգնման իրողություն ցնծությամբ ընդունվեց ժամանակակիցների կողմից։
Լևոնը շարունակեց իր գործունեությունը երկրի ամրապնդման և հզորացման ուղղությամբ։ Հնազանդվեցին կենտրոնախույս նկրտումներ ունեցող Լամբրոնի Հեթումյանները, կանոնավոր-պետական հիմքերի վրա դրվեցին ռազմական ուժերը, ստեղծվեցին սահմանապահ ուղեկալներ, ամրություններ։ Քայլեր ձեռնարկվեցին վարչական ասպարեզում, հիմնվեց եռաստիճան դատական համակարգ, կազմակերպվեց արքունիքը` գործակալությունների, վարչական մարմինների լայն ցանցով։ Վերելք ապրեց տնտեսական, մշակութային կյանքը, մի խոսքով` երկիրը փթթում ու ծաղկում էր։ Շարունակվեց պայքարը Անտիոքի համար։ Դքսի մահից հետո ճնշելով բարձրացված խռովությունները Լևոնն Անտիոքի գահին նստեցրեց իր կողմից թագաժառանգ հռչակված Ռուբեն-Ռայմոնդին, սակայն լինելով ապերախտ ու ապաշնորհ անձնավորություն վերջինս երես թեքեց իր խնամակալից և զրկվելով ազդեցիկ պաշտպանից չկարողացավ պահպանել իր իշխանությունն ու վռնդվեց Անտիոքից։ Այս դեպքերի կապակցությամբ խառնամուսնությունից ծնված Ռուբեն-Ռայմոնդին Լևոնը զրկեց թագաժառանգության իրավունքից և սպարապետ Կոնստանդինի և իշխան Ատանի խնամակալությամբ իրեն հաջորդ հռչակեց իր դուստր Զաբելին։ Կիլիկիայի հայոց առաջին թագավորը մահացավ 1219թ.` հետնորդներին թողնելով ամուր ու բարգավաճ թագավորություն։
Լինելով խիզախ զորական, հմուտ պետական գործիչ նա շուրջ երեք տասնամյակ օտար երկրների հետ խրթին փոխհարաբերությունների պայմաններում ծառայեց երկրի ամրացմանն ու զորացմանը, հասավ Կիլիկիայի Հայոց թագավորության հռչակմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել