Առաջին անգամ, երբ մարդը սկսեց դասավորել իրերն իր շուրջը, որպեսզի հարմարավետ օգտագործի իր միջավայրը, սկսվեց ճարտարապետությունը: Երբ մարդը որոշեց ծածկ ունենալ գլխին, ձեռքն առավ նիզակ, նետ, աղեղ…քաոսը սկսեց վերածվել կանոնի: Ճարտարապետությունը ստեղծում է կերպարներ. դուք չեք կարող շփոթել օրինակ` դպրոցը թատրոնի հետ, թատրոնը շփոթեք շուկայի հետ. դրանք կերպարներ են:

Նոր կառուցվող շենքերի ճարտարապետությունը, կոմպոզիցիան անընդհատ վերարտադրվում է, դրանք քայլեր չեն, ստեղծագործություն չեն, ինքնատիպ չեն, այդ ամենի մեջ չկա որևէ նոր բան, համարձակություն, այլ կա կրկնողության անընդհատական գործընթաց:

Այսօր կարծես մենք մոռացել ենք նոր աշխարհ կառուցելու գաղափարը և կենտրոնացել ենք ինչ-որ ուրիշ բաների վրա, որոնք մեզ առաջ չեն տանում: Երևանը պիտի ունենա նոր կերպար, հակառակ դեպքում այն քաղաք չի դառնա, այլ կշարունակի մնալ բնակավայր: Իսկ քաղաքը բնակավայրից անշուշտ տարբերվում է. քաղաքում ապրում են քաղաքացիներ, այլ է կենցաղը:

Երևի թե մենք մեծ մասշտաբի բաներ չունենանք, որովհետև մենք շատ մանրացել ենք, մեր ճարտարապետությունն է մանրացել, մեր մտածողությունն է մանրացել, մենք դադարել ենք աճել:

Մենք բաց լինելու խնդիր ունենք: Եթե դու թույլ ես, տկար ես, անընդհատ ստիպված ես փակվելով պաշտպանվել, իսկ եթե դու հզոր ուժ ես կրում քո մեջ, դու բաց ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել