Ես մի հնդկական ֆիլմ եմ դիտել: Մի ծիծաղեք: Ուզում եմ պատմել դրա մասին…

Սեպտեմբերի 11-ն այն ցավալի  դեպքերից էր, որ ցնցեց ինձ ու բոլորին: Մեկ օրվա ընթացքում հեղաշրջվեց ողջ աշխարհը, հեղափոխվեց աշխարհի ոգին, հավատը, խեղաթյուրվեցին գաղափարները, ու ամբողջ քրիստոնյա հասարակությունը/ ես էլ բոլորի հետ միասին/ սկսեց ոչ թե հարմար բառեր գտնել մխիթարելու, այլ պարսավելու ու ցավեցնելու համար: Ու մեղավորները ոչ թե հստակ անուններ ունեին, այլ մեկ ընդհանուր պիտակավորում` մուսուլման: Բառը դիտարկվեց իբրև նախահարձակ, անհանդուրժող, ցանկացած ահաբեկչական գործողության հրահրող և անմիջական մասնակից, ու այս քողարկման տակ սկսեցին պատժվել բոլոր `անգամ անմեղ մուսուլմանները, սկսվեց իսլամ դավանողների որսը: Գազազած ամերիկյան հասարակությունը ամեն պատեհ ու անպատեհ առիթ սկսեց օգտագործել վիրավորելու, ստորացնելու, հիշեցնելու համար: Մուսուլմաններին բոլոր հնարավոր տարբերակներով ակնարկվում էր, որ վերջիններս լի են վնասելու, քանդելու նկրտումներով, որ մարդատյաց են ու որ այդ կրոնի միակ գաղափարախոսությունը` հանուն ալլահի ամեն ինչ ոտնատակ տալն է; Բայց արդյոք դա այդպես է , թե պարզապես քրիստոնյա աշխարհն ունի իր դիտարկումները, իր մոտեցումը, իր ճիշտ կամ սխալ վերլուծությունը կրոնի ու կրոնը կրողի վերաբերյալ/չէ որ դրանք տարբեր բաներ են/: Բոլոր ռադիոալիքները, հեռուստատեսությունները, թերթերը սկսեցին աղաղակել մոսուլման լինելու վատ ճակատագրի մասին, հոդվածները` պախարակել այդ կրոնի հետևորդներին, իսկ  դպրոցներում շատ ուսուցիչներ սկսեցին իսլամը որակել իբրև կործանիչ  և այլն…

Ես գիտեմ մի մարդու, ում կոչում էին Խան: Կյանքում ստացած ամենաարժեքավոր խորհուրդը հետևյալն էր. մարդիկ բաժանվում են երկու խմբի. բարի և չար, ոչ թե մուսուլման կամ քրիստոնյա, ոչ թե բուդդիստ կամ աթեիստ, և հենց հանուն այդ գաղափարի է, որ պետք է պահպանել մարդկանց ու աշխարհը սիրելու ձգտումը:

Նա ամուսնացած էր մի կնոջ հետ, ով ազգությամբ հնդկուհի էր և ուներ որդի Սեմ անունով: Սեմը սովորում էր ԱՄՆ-ի քոլեջներից մեկում, նրան սիրում էին , նա էլ էր սիրում, բայց ամեն ինչ փոխվեց իր ազգանվան վերափոխման հետ մեկտեղ,երբ նա անվանակոչվեց Խան, ինչպես հայրացուի ազգանունն էր: Դպրոցական ծեծկռտուքի արդյունքում Սեմը սպանվեց միայն այն բանի համար, որ նա մուսուլման էր: Ու փորձում եմ հասկանալ.  արդյոք միայն Սեմն էր, որ սպանվեց, թե նրա հետ մեկտեղ սպանվեցին հույսերը, վստահելու կարողությունը, լավի նկատմամբ հավատը, հարգելու ձգտումը, աշխարհը ավելի լավը դարձնելու մեր կամքը: Չէ որ գլխաշորով, թե առանց, խաչով, թե առանց, մարդն ընկալվում է առաջին հերթին իբրև աշխարհի քաղաքացի: Եվ արդյոք Սեմին սպանելով նյույորքյան ահասարսուռ դեպքը քողարկվում է, արդյոք սա պետք է անվանել վրեժ` հանուն հարյուրավոր ամերիկացիների հիշատակի: Կարծում եմ` ոչ, եթե աշխարհը քարոզում է հանդուրժողականություն, ապա Սեմը չպետք է մեռներ, այլ պետք է ապրեր իբրև լավագույն ապացույց այն բանի, որ աշխարհում ոչ մի կրոն ի զօրու չէ սպանել մարդկության մեջ այն ամենակարևորը, որ մենք բոլորս հավասար ենք ու կարող ենք աշխարհը դարձնել տուն յուրաքանչյուրի համար: Իսկ Սեմի հայրացուն էլ բազմաթիվ դառը փորձությունների միջով չէր անցնի, որպեսզի հանդիպեր ԱՄՆ-ի նախագահին ու ամբողջ ուժով աղաղակեր.

Պարոն նախագահ, իմ անունը Խան է, ես մուսուլման եմ ու ես ահաբեկիչ չեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել