«Արդեն մասնակի տեղեկանում եմ և գիտեմ, թե այժմ որքան սուրբ ու ազնիվ քո սիրած ու պաշտած, կշռած ու մարսած գործն ես մշակում` հայու ապագան է այդ քու հոգածությանդ առարկան, ուստի բոլոր ուժերդ, իրավամբ, դեպի գերագույն նպատակն ես ուղղած: Արդեն հայ ազգը քեզ շատ բան է պարտական: Դու էիր առաջինը, որ լավ ըմբռնեցիր, թե մեր ապագան հարթելու համար պետք էր, նախ, մեզ օտարներին ծանոթացնել, ցույց տալ, որ մենք կենսունակ ենք, լուսո որդեգի ու կարապետ ենք խավար վայրերում, շինարար ենք… Եթե մեր մեջ տնականությունն ու միությունը պակաս է եղած, պատճառն այն է, որ ազատ շունչ չենք քաշեր, նույնիսկ մեր իբր անկախության օրերումն իսկ` հալածվելով տգիտութենեն ու խավարեն, ավերակեն ու ավարեն, սրեն ու հրեն….բայց աննկուն բան ունինք մեր մեջ, մի ամուր հույս` դեպի ապագա լուսո կանթեղը, որ հայ ժողովուրդը, իր թագավորությունն ու իշխանությունը կորցնելեն հետո, տարել ու կախել է բազմաբեղուն ու արկնավետ Արագածի գագաթը` երկնքի անտես առաստաղեն, անթել կապով, որ մարդիկ` խավար ու ավարառու ձեռք տալ չկարողանան և գոնե նորա լուսո նշույլը ցայտե մեր վերա և մեր ապագա կյանքը երազենք:
Դուն էիր առաջինը, որ մեր նախնյաց ստեղծագործ հոգին թղթերով ու գրքերով նկարեցիր ու ցուցադրեցիր օտար աշխարհի մեջ քաղաքակրթության հարազատ զավակներին, որ մենք ևս իրենց շավիղն ենք բռնել, մենք ևս իրենց ճամփեն ենք քայլել, մենք ևս մեր ձեռքին լույս բռնել, և, թեպետ ջանացել են դևերը փչել ու մարել մեր կյանքը, բայց փչողներն են խորտակվել ու մենք դեռ մոխիրների տակ առկայծել ենք` ապավինելով գիտության ու կրթության, որ թեև մերն է եղել` իբր Արևելքի զավակներ, բայց մեր ձեռքեն դուրս է ելել ու Եվրոպան լուսավորել. արդ, քանի որ մեզ համար անծանոթ չէ մեր մտքի նախատիպը և կարողությունը, որ այժմ Եվրոպայից է, որ մեզ լուսավորում է, ի՞նչու չունենք մեր իսկ լուսո ջահը` մեր ձեռքին: Դուն էիր առաջինը, որ հրավիրեց հայի գեղարվեստական ստեղծագործությանց ծանոթացնելու քաղաքակիրթ աշխարհին… Արդ հանգիստ վայելիր և ուրախացիր, ուժ առ և ուժ տուր, պինդ կացիր, որ բարձրացած դարավոր ազատության ձգտող կոհակներն ու ալիքները չզարնվեն ժայռին ու այս անգամ ալ փշրվին, որի վերջը թերևս կորստաբեր լինի մեզ համար:
Ծալենք այժմ զգացմունքներն ու դատենք իրողությունը: Ինձ այնպես է թվում, թե մենք մինչև նվազագույնով առաջին ու դրական քայլը չանենք, երբեք չենք կարող երկրորդի մասին մտածել կամ մեծամեծս ձգտել: Արդ, մեր երկիրն սկիզբեն եղել է կռվախնձոր արշավող և շրջակա հզոր պետությանց աշխարհակալության ճանապարհի վերա և պահել է ցարդ նույն վիճակը: Մենք այժմ իրապես ռուսաց շահի առարկան ենք. Մեր երկիրն արդեն որոշված է, այսօր կամ վաղը ռուս պետության բաժին դառնալու: Ուրեմն պիտի ձգտենք մեզ ազատագրել երկու կերպ. թեպետ և երկուքի վերջակետն էլ նույնն է, տարբեր ուիով միայն:
…Ռուս կառավարությունը ծայրագույն Արևելքեն տուժեց, ուրեմն ընդարձակման ճանապարհը այս կողմը մնաց. Արդեն Պարսկաստանը տարածված է իրապես Անգլիո և Ռուսիո միջև. այսպես հայերը պարսկական լծեն պիտի ազատվեն և միանան ռուսահայոց և փոխադարձաբար ուժովնան արդ, հերթն եկել է մեզ` տաճկահայերիս: Ես չեմ կարող մտքես անցնել, որ ռուս կառավարությունը իր շահերը զոհի մեզ, զի նա չի կարող թույլ տալ, որ այս բաժինն ավելի վիճակ ունենա, քան իր երկրի հայերը, ուրեմն միշտ ձգտելու է պահել մեզ(եթե իրան չմիանանք) իրան կարոտ վիճակի մեջ, որպեսզի ապագա գրավման տարր հանդիսանանք: Արդեն մեր մեծ ջարդերն ապացույց են ասածներիս:
Ռուս թերթերն էլ ճիշտ այս կետն է, որ շարունակ շեշտում են, որ մեր փրկությունը կռելու և կոփելու ենք Փերպուրկի (Պետերբուրգ) պարիսպներու դռներու առաջ. այս էր պնդել ժամանակին Լոռիս Մելիքով Դ. կաթողիկոսին զգուշացնելով (երբ սա ռուս-տաճկական պատերազմի ժամանակ, գրեթե բաձարձակապես սպասելիս է եղել տաճիկներին Էջմիածնի մեջ): Արդեն քաջ գիտես, որ Անգլիո, Ֆրանսիո և Ռուսիո միության գլխավոր նպատակն էլ այս էր: Որեմն չիք փրկություն արտաքո Ռուսիո: Պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ տերության, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես և նյութապես, և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերե մեզ մեծ ազատությունը. շտապելով, առաջինը չարած երկրորդ քայլի դիմելով բոլորովին պիտի կորչենք. տաճիկեն ոչ մի հույս մի ունենաք մի սպասեք. նորա ուղեղը քարե ժայռից է, զարգացման անընդունակ, լոկ փշրվելու համար պիտանի և ոտքի տակը սալահատության համար:
Չպետք է բաժանվենք, չպետք է խաբվենք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներեն, միանալու ենք և գործնական ճամպան բռնելու` ըստ իս, առաջին քայլն է բոլոր հայություն ամփոփել ռուսի իշխանության տակ, երկրորդ քայլն է տնտեսապես և բարոյապես, զուտ ազգային, առանց օտարեն ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելով` զարգանալ. երրորդ քայլն արդեն ինքը ռուս հեղափոխությունն է, որ պիտի անե… եվրոպական մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են. պաղ երկրի բույսերը մեր ջերմ արևի տակ կկիզվեն:
Ես վախ չունիմ, թե ռուս կառավարության մեջ կհալինք, որքան ալ որ հալինք, այնուամենայնիվ մեր ինքնագիտակցությունը զարթնած է և եթե խելոք շարժվինք-կվաստակինք, ես այս կարծիքն ունիմ…»



