A1plus.am-ը գրում է.
Ուշադրությամբ ծանոթացանք Սայաթ-Նովա փողոցի հարակից տարածքում ընթացող շինարարության վերաբերյալ Ձեր հրապարակային ելույթներին և հնչեցված կարծիքներին: «Լարկո-Գրուպ» ընկերության հիմնադրի բաց նամակում առիթ ունեցել ենք տարակուսանք հայտնել մեր Հայաստան երկրի քաղաքացիների իբր օրինական շահերի պաշտպանության վերաբերյալ մոդայիկ դարձած, իրականության հետ կապ չունեցող և սեփական հեղինակությունն ամրապնդող առանձին հասարակական-քաղաքական հոսանքների, «նախաձեռնությունների» և անհատների հայտարարությունների վերաբերյալ: Ցավով արձանագրում ենք, որ սրան գումարվել է նաև Սարկավագի պատվելի կոչումը:
Բողոքներով և անհիմն վատաբանելով արտերկրում քաղաքական ապաստան հայցելու համար «բարոյական հիմքեր» ստեղծելը` կարծում ենք արդեն բարոյական չէ և այդ ընթացքին ստորագրահավաքի միջոցով արվեստի մեր սիրված որոշ գործիչների մասնակից դարձնելը` նույնպես :
Հարգելի սարկավագ Մանուկյան, մենք հասկանում ենք Ձեզ, որ «չեք ուզում սարքովի գնալ որոշ մարդկանց նման հանձնվել ճամբարներին, այլ ուզում եք բարոյական գնալ» կարծում ենք գնալը բարոյական կամ ոչ բարոյական չի լինում, պարզապես պատրվակ փնտրողը այն կգտնի, և երևի թե դուք գտել եք Ձեզ համար բավարար հիմնավորում` դա յուրովի անելու:
«Լարկո գրուպ» ընկերության հիմնադիր սփյուռքահայ Աբել Հախվերդյանը, որը բնակվում է ԱՄՆ -ում ու ԱՄՆ- ի քաղաքացի է, և «ոչ սարքովի» , անձամբ ծանոթ է և հաճախ օգնության ձեռք է մեկնում անգամ Ձեզ նման մարդկանց, որովհետև գիտի ցավել և հասկանալ, սովորել է նաև մեծարել և ներել՝ քրիստոնեական կարևոր պատգամի համաձայն: Կարծում ենք արտերկրում «տաքուկ» տեղ գտնելու հիմնավորումներին և լեգենդներին ավելացող սույն օրինակը շատ յուրահատուկ կլինի, առավել ևս, երբ դուք պայքարում եք Սփյուռքի ներկայացուցչի ներդրումային ծրագրի դեմ. դա էլ այն պարագայում, երբ Ձեզ քաջ հայտնի է, որ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմիցս վերահաստատել են «Լարկո գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինարարության օրինականությունը: Այս կապակցությամբ ուզում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ, քանզի ապաստան հայցելու մասին վերոնշյալ ելույթներից հետո մեր այն համոզմունքը, որ մեր երկիրը իսկապես սիրող մարդկանց կարիք ունի, որ կարողանալու են շունչ տալ իրենց ներդրումային նախաձեռնություններին՝ չվհատվելով չարակամությունից, խաբեությունից ու քաղաքացիական հասարակության ձևավորման անցումային շրջանից, բազմապատկվել է:
Միաժամանակ, խնդրում եմ Ձեզ, դադարեք հայտարարել, որ Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ ընթացող շինարարության արդյունքում Ձեզ, այդ հասցեի հետ կապ չունեցող և մեկ փողոց հեռու՝ Թումանյան փողոցի վրա գտնվող շենքի բնակչին «կտրում են հող ու ջրից»: Դա ոչ միայն աղերս չունի մեր փառավոր քրիստոնեական արժեքների հետ, այլ, անտրամաբանական լինելով՝ վստահ եմ, քմծիծաղով կընդունվի անգամ Ձեր կողմից ընտրված քաղաքական ապաստանի հավակնորդ երկրների դեսպանատների կողմից: Մենք մեր բոլորիս սրտերում ապրող ազգագրական երգն ու պարը այսկերպ չի, որ պետք է արտահանենք և հանրահռչակենք: Խնդրում եմ Ձեզ՝ դադարեք մոլորյալ լինել և մոլորեցնել ...:
Հարգանքով՝ «Լարկո գրուպ» Ընկերության տնօրեն Գագիկ Հախվերդյան
Հ. Գ. Հիշեցնենք՝ «Սասուն» ազգագրական երգի- պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը որոշել է քաղաքական ապաստան խնդրել այլ երկրներից այն բանից հետո, երբ Սայաթ-Նովա 10-ում սկսվեց շինարարություն, որն ըստ բնակիչների՝ անօրինական է։