Կյանքում ի՞նչն է մարդկանց աշխատավայրում ու կյանքում ավելի հաջողակ դարձնում:
Օրինակ` IQ-ն, որը ինտելեկտի գնահատման չափանիշներից մեկն է, բացի այդ չափազանց կարևոր է աշխատանքային էթիկան, սակայն դրանք միակ բաները չեն, որ մեծ դեր ունեն հաջողության հասնելու համար: Մեր էմոցիոնալ ինտելեկտը (EQ)` այն, թե ինչպես ենք կարողանում կառավարել մեզ, ինչպես նաև այլ մարդկանց էմոցիաները, շատ կարևոր դեր ունեն հաջողության հասնելու և երջանիկ լինելու համար:
Պլատոնն ասում էր, որ սովորելն ունի որոշակի էմոցիոնալ հիմք, ու նա, թերևս, չէր սխալվում:
Այն, թե ինչպես ենք մենք շփվում ու կառավարում մեր զգացմունքները, իր հետևանք է թողնում մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Ավելի հասկանալի ասելու համար նշենք, որ հաճախ էմոցիոնալ ինտելեկտուալ մարդուն առօրյայում որպես «կյանքի դպրոց» անցած մարդ են կոչում: Էմոցիոնալ ինտելեկտը «գրքային ինտելեկտի» հակադրությունն է և կարևոր ու որոշիչ դեր ունի այն բանում, թե ինչպես է մարդը կյանքում կարողանում հաջողությամբ առաջ շարժվել:
Էմոցիոնալ ինտելեկտը արտահայտվում է, երբ մարդն իրեն ինքնավստահ է զգում, քայլեր է ձեռնարկում նպատակներին հասնելու համար, ճկուն է, հարմարվող ու հեշտությամբ է վերականգնվում սթրեսից հետո: Այս մասին նշել է հոգեբան, գրող Դանիել Գոլմենը: Հոգեբանը նշել է նաև, որ կյանքը շատ ավելի հեշտ է առաջ գնում, երբ ունես բարձր էմոցիոնալ ինտելեկտ: Գոլմենը առանձնացրել է էմոցիոնալ ինտելեկտի 5 կարևոր բաղադրիչներ` ինքնագիտակցություն, ինքնակառավարում, մոտիվացիա, սոցիալական շփման կարողություններ, կարեկցություն կամ մարդասիրություն: Այս բաղադրիչներից որոշները կարող են բավականին ուժեղ լինել, իսկ մյուսներն ավելի թույլ, բաց մենք բոլորս էլ կարող ենք զարգացնել մեր կարողությունները:
Այս հոդվածում կներկայացնենք այն 14 նշանները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե որքանով է բարձր ձեր էմոցիոնալ ինտելեկտը:
1 Դուք հետաքրքրվում եք ձեզ անծանոթ մարդկանց նկատմամբ
Սիրո՞ւմ եք նոր մարդկանց հետ ծանոթանալ ու ձեզ ներկայացնելուց հետո նրանց սովորաբար շա՞տ հարցեր եք տալիս: Եթե այո, ուրեմն ունեք կարեկցանքի որոշակի կարողություն, որը էմոցիոնալ ինտելեկտի բաղադրիչներից մեկն է: Այն մարդիկ, ում համար կարևոր են ուրիշների կարիքներն ու զգացմունքները, և ովքեր զգուշությամբ են վարվում մարդկանց հետ, նրանց որոշակի կարիքներից ելնելով, ունեն մեկ ընդհանուր բան` նրանք բոլորն էլ հետաքրքրասիրությամբ են լցված անծանոթների նկատմամբ ու իսկապես ցանկություն ունեն են նրանց մասին ավելին իմանալու:
Հետաքրքրասիրությունն ուրիշների նկատմամբ կապված է կարեկցանքի զգացումի հետ: Հոգեբան-գրող Ռոման Կրզնարիցը նշել է, որ հետաքրքրասիրությունը ընդլայնում է մեր կարեկցանքի զգացումը, երբ զրուցում ենք մեր սոցիալական շրջանակից դուրս նոր մարդկանց հետ, ծանոթանում ենք նոր աշխարհայացքների, որոնք տարբերվում են մերից ու ընդլայնում մեր սեփականը:
2 Դուք հրաշալի առաջնորդ եք
Ըստ Գոլմենի՝ բացառիկ առաջնորդները հաճախ մի ընդհանրություն ունեն: Բացի հաջողության հասնելու համար ավանդական պահանջներից, ինչպիսին են, օրինակ, տաղանդը, աշխատանքային բարձր էթիկան ու ձգտումները, նրանք ունեն նաև էմոցիոնալ բարձր ինտելեկտ: Իր անցկացրած հետազոտության մեջ հոգեբանը համեմատել է բարձր պաշտոններ ունեցող գերազանց առաջնորդներին ու միջակ առաջնորդներին ու պարզել, որ նրանց միջև տարբերությունը ոչ թե նրանց իմացական կարողությունների, այլ էմոցիոնալ ինտելեկտի մեջ է:
Որքան բարձր է մարդու առաջնորդային կարողությունները, այնքան ավելի բարձր է նրա էմոցիոնալ ինտելեկտը, որն էլ նրա քայլերի արդյունավետության գրավականն է:
3 Դուք գիտեք ձեր ուժեղ ու թույլ կողմերը
Ինքնագիտակցության ամենակարևոր գործոնն այն է, երբ ազնիվ ես ինքդ քեզ հետ ու գիտես՝ որտեղ ես դու գերազանց աշխատում, որտեղ ավելի շատ պայքարում հաջողության հասնելու համար ու ընդունում ես թույլ ու ուժեղ կողմերդ: Էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդը սովորում է հասկանալ այն ոլորտները, որտեղ ուժեղ է ու որտեղ ավելի թույլ, ու վերլուծելով ու գնահատելով՝ որոշում է կայացնում, թե ինչպես պետք է ավելի արդյունավետ աշխատեն տվյալ ոլորտում: Ըստ հոգեբան Գոլեմենի՝ այս ինքնագնահատման կարողությունը ինքնավստահություն է ծնում, որն էլ հանդիսանում է էմոցիոնալ ինտելեկտի կարևոր բաղադրիչներից մեկը:
Այնպես որ, եթե գիտես, թե ինչի մեջ ես իսկապես արդյունավետ, ուրեմն կարող ես այն վստահությամբ իրականացնել:
4 Գիտեք, թե ինչպես է պետք կենտրոնանալ
Եթե դուք շեղվում եք ամեն ձայնից, տեքստից ու անցնող մտքից, ուրեմն դուք հետ եք պահում ձեզ էմոցիոնալ ինտելկտի զարգացումից, սակայն երբ կարողանում եք դիմակայել ամեն տեսակ շեղող գործոններից ու կենտրոնանալ կոնկրետ առաջադրանքի վրա, ապա այդպես կզարգացնեք ձեր էմոցիոնալ ինտելեկտը:
Ձեր այն կարողությունը, թե ինչպես եք կենտրոնանում աշխատանքի կամ դպրոցական տնային առաջադրանքները կատարելու վրա ու հետ պահում ձեզ էլեկտրոնային նամակը, այլ տեքստ կարդալուց կամ վիդեոխաղ խաղալուց, մինչև որ աշխատանքը չավարտեք, կարող է շատ ավելի կարևոր դեր խաղալ արդեն ավելի հասուն տարիքում` պատճառ դառնալով ձեր էմոցիոնալ բարձր ինտելեկտի զարգացմանը: Այն կարող է շատ ավելի կարևոր լինել հաջողության հասնելու համար, քան բարձր IQ-ն կամ հարուստ ընտանիք ունենալը: Այս մասին նշել է Գոլեմանը՝ ավելացնելով, որ դեռ փոքր տարիքից երեխաներին կարելի է սովորեցնել, թե ինչպես մարզեն ու զարգացնեն իրենց այդ կարողությունը:
5 Երբ տրամադրություն չունես՝ հստակ գիտես դրա պատճառը
Մենք բոլորս էլ օրվա ընթացքում էմոցիոնալ տարբեր տատանումներ ենք ունենում և հաճախ չենք էլ հասկանում՝ ինչն է պատճառ դառնում մեր այս զգագացումների կամ տրամադրության փոփոխությունների համար: Ինքնագիտակցության կարևոր գործոնն այն է, որ մարդը կարողանում է հասկանալ, թե որն է այդ զգացումների պատճառը:
Ինքնագիտակցությունը նաև կապված է այն բանից, թե որքանով ենք մենք ճանաչում մեր զգացմունքներն ու էմոցիաները՝ դրանք սխալ հասկանալու կամ անտեսելու փոխարեն: Էմոցիոնալ ինտելեկտուալ մարդիկ փորձում են կողքից նայել իրենց զգացմունքներին, ուշադրություն դարձնում իրենց զգացածի վրա և ուսումնասիրում տվյալ էմոցիայի ազդեցությունը իրենց վրա:
6 Դուք հիմնականում հեշտությամբ եք շփվում այլ մարդկանց հետ
Հոգեբան Գոլմենը նշել է, որ մարդկանց հետ հաճելի ու արդյունավետ հարաբերություններն ու շփումները վկայում են այն մասին, որ ունեք էմոցիոնալ ինտելեկտ:
7 Ձեզ համար կարևոր է բարի ու բարոյական մարդ լինելը
Էմոցիոնալ ինտելեկտի կարևոր բաղադրիչներից մեկը սեփական «բարոյական անձի» ընկալումն է, երբ մենք մեզ ուզում ենք տեսնել որպես էթիկայի բարձր զգացում ունեցող կարեկից մարդ: Կարևոր չէ, թե ինչպես եք վարվել վերջին ժամանակներում, եթե ձեզ համար կարևոր է զարգացնել ձեր այդ կողմը, ապա դա կարող է նշանակել, որ ձեր էմոցիոնալ ինտելեկտը բավականին բարձր է:
8 Դուք միշտ ժամանակ եք գտնում ուրիշներին օգնելու համար
Եթե դուք կարողանում եք ձեր առօրյայից շեղվել ու ուշադրութուն դարձնել ուրիշներին, օրինակ, ուղղակի ողջունելու համար փոխել ճանապարհը կամ էլ ծեր մարդուն օգնել փողոցն անցնել, ապա այդպես ցուցաբերում եք ձեր էմոցիոնալ ինտելեկտը: Հաճախ մենք ավելի շատ կենտրոնանում ենք ինքներս մեզ վրա, քան ուրիշների: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ ուղղակի զբաղված ենք մեր խիտ առօրյայով ու չենք նկատում ուրիշներին: Զբաղված լինելով օրվա ընթացքում ու երբեմն ամբողջությամբ չնկատելով մեր շրջապատում գտնվող մարդկանց՝ չենք կարողանում արտահայտել կարեկցանքի զգացումը: Իսկ մարդկանց ուշադրություն դարձնելն ու կարեկցանքի զգացումն արտահայտելը էմոցիոնալ ինտելեկտի կարևոր բաղադրիչ է:
9 Դուք կարողանում եք հրաշալի կերպով կարդալ մարդկանց դեմքի արտահայտությունները
Եթե կարողանում եք կարդալ կամ զգալ, թե ինչ են մարդիկ զգում՝ ըստ նրանց դեմքի արտահայտության՝ դա վկայում է այն մասի, որ էմոցիոնալ բարձր ինտելեկտ ունեք:
10 Ընկնելուց հետո արագ վերականգնվում եք
Այն, թե ինչպես եք կարողանում գլուխ հանել ձեր սխալներից, շատ բան է պատմում ձեր մասին: Նրանք, ովքեր էմոցիոնալ բարձր ինտելեկտ ունեն, լավ գիտեն, որ կյանքում միակ բանը, որ մենք պետք է անել, առաջ շարժվելն է: Երբ էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդը ձախողվում է, նա կարողանում է արագ վերականգնվել, սթափվել ու առաջ շարժվել: Այսպիսի մարդիկ թույլ չեն տալիս, որ բացասական էմոցիաները կառավարեն իրենց, և դա ճկունություն է հաղորդում նրանց:
Ճկուն մարդը չի փորձում փախչել բացասական էմոցիաներից կամ էլ թույլ տալ դրանց կառավարել իրեն, փոխարենը թույլ է տալիս դրանց մնալ այլ էմոցիաների կողքին. նրանք մտածում ե՝«Տխուր եմ դրա համար», բայց ունեն նաև «Շնորհակալ եմ սրա համար» զգացումն ու միտքը:
11 Դուք կարողանում եք ճանաչել մարդկանց բնավորությունը
Հենց առաջին հանդիպումից դուք հրաշալի կերպով կարողանում եք ճանաչել մարդկանց ու ձեր ինտուիցիան ձեզ գրեթե չի խաբում:
12 Դուք վստահում եք ձեր ինտուիցիային
Էմոցիոնալ ինտելեկտուալ մարդիկ հարմարավետ են զգում իրենց ինտուիցիային վստահելու մեջ: Եթե դու կարողանում ես վստահել ինքդ քեզ ու քո էմոցիաներին, ուրեմն պատճառ չկա չլսելու այն ներքին ցածր ձայնը, որը հուշում է, թե որ կողմ պետք է գնալ:
13 Դու միշտ կարողանում ես մոտիվացնել ինքդ քեզ
Եթե դուք միշտ ձգտել եք առաջ շարժվել ու դեռ երեխա հասակից նույնիսկ այն դեպքում, երբ աշխատանքի համար չեք պարգևատրվել կամ էլ հաջողության չեք հասել, չեք հուսահատվել: Եթե կարողանում եք ինքներդ ձեզ մոտիվացնել ու ուշադրությունն ու էներգիան կենտրոնացնել նպատակին հասնելու վրա, ապա շատ հավանական է, որ էմոցիոնալ բարձր ինտելեկտ ունեք:
14 Դու գիտես՝ երբ «ՈՉ» ասել
Ինքնակառավարումը էմոցիոնալ ինտելեկտի հինգ կարևոր բաղադրիչներից մեկն է, ինչը ենթադրում է, որ կարողանում եք հետևել ինքներդ ձեր կարգապահությանը ու հեռու մնալ վատ սովորություններից: Էմոցիոնալ ինտելեկտուալ մարդիկ հիմնականում կարողանում են դիմակայել ճնշումներին ու կարողանում կառավարել ներքին մղումները: