Երեկ «Շողակաթ»-ով նայեցի «Թագուհին» ֆիլմը, որտեղ ընդգծված էր Անգլիայի թագուհու պետականամետ մտածելակերպն ու հասարակական կարծիքի հետ մեծ դժվարությամբ, սակայն, այնուամենայնիվ, հաշվի նստելու փաստն ու այն քայլերը, որոնք նա արեց իր կամքին հակառակ, սակայն՝ հասարակության համակրանքը շահելու համար: Իմ կարծիքով, չափազանց արդիական է այս զուգահեռներն անցկացնելը հատկապես հիմա, երբ օրեր առաջ հրապարակվեց ՄԻՊ-ի աննախադեպ զեկույցը, որի հետ համաձայն է հասարակության մեծամասնությունը և որից չափազանց դժգոհ են ոլորտի ներկայացուցիչները: Զուգահեռները փաստում են, որ մեր երկրի իշխանությունը և արդարադատության ու իրավապահ մարմինները հաշվի չեն նստում ոչ միայն հասարակության կարծիքի հետ, այլև համարձակվում են զանց առնել արդարադատության ոլորտի մասին ՄԻՊ-ի զեկույցը: Քիչ առաջ էլ ներկա էի դատական մի նիստի, որտեղ դատարանի վճռից դժգոհ քաղաքացին հղում արեց այդ զեկույցին, իսկ դատավորները մեղադրեցին զեկույցն այն պատճառով, որ, իրենց կարծիքով, զեկույցը մեր հասարակության մեջ արդարադատության նկատմամբ անվստահություն է սերմանել: Իհարկե, արդարադատության ոլորտում կա՛ն փոքրաթիվ արդարամիտ մարդիկ, ովքեր կարող են վրդովվել զեկույցում բերված որոշ փաստերից, բայց այն, որ նրանց մեջ չկա մեկը, ով չի ենթարկվի դատարանի նախագահի կամ վերադասի հեռախոսային արդարադատությանը, ես համոզված եմ: Իրականում ի՞նչ տարբերություն՝ կաշառքի դիմաց են օրենքը շրջանցո՞ւմ, թե վերադասի զանգով: Երկու դեպքում էլ անխիղճ կերպով ոտնահարվում է քաղաքացու իրավունքը և ճակատագրեր են խեղվում: Ի դեպ հիշեցնեմ, որ դեռևս 2008-ին Սերժ Սարգսյանն է քննադատել հեռախոսային արդարադատությունն ու դատապարտել երևույթը, սակայն Բուդաղյանների գործով ականատես եղանք, թե ինչպես կրկին աշխատեց այդ այլանդակ երևույթն ու որի պատասխանատուն դարձրեցին գործող ՀՀ գլխավոր դատախազին, ով ի պատասխան ՄԻՊ զեկույցին, իր հայտնի բաց նամակում կոչ էր արել հրապարակել գոնե մեկ փաստ:
Շատ տեղին է հիշատակակել «Հայելի».–ում տպված «Փաստի խնդիր» հոդվածը, որի տակ մեկնաբանել է նաև իմ կողմից շատ հարգված Արսեն Բաբայանն ասելով, թե «Նախագահի ասածը որևէ առնչություն չունի դատական իշխանության հետ թեկուզ այն առումով, որ դա արվել է Դատախազությունում, իսկ միտքը քննչական մարմինների ու դատախազական հսկողության մասին է»: Այսինքն, դատավորներն արդարամիտ են, իսկ դատախազներն ու քննիչները խարդա՞խ, իսկ ո՞ւմ են վերաբերվում Սերժ Սարգսյանի այս խոսքերը. «Իրենց գործունեության մեջ խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք չեն ենթարկվում կատարածին համարժեք պատասխանատվության կամ ընդհանրապես մնում են անպատիժ», մի՞թե դատարանի, իմա՝ դատավորի վճռով չեն պատժվում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք կամ մնում անպատիժ:
Ինչևէ, այս ամեն ինչի մասին ես ունեմ իմ սեփական համոզմունքները, ելնելով 2012 թվականի հոկտեմբերի 29-ին հանցագործության մասին իմ արած հաղորդման հետ կապված հարուցված քրեական գործի ընթացքից, որի վերաբերյալ դատական առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 19-ին Շենգավիթի քրեական դատարանում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ: DATALEX.am կայքում հրապարակված մեղադրական եզրակացության ծավալն արդեն ինձ մտահոգել է, որովհետև այնտեղ ներառված է պետությանը պատճառած խոշոր չափերի գույքային վնասի միայն չնչին մասը որը, ինչպես հենց իրենք իրավապահներն են ասում, համատարած երևույթ է: Խոստանում եմ դատական ամբողջ ընթացքի արդար կամ անարդար լինելու մանրամասների մասին հրապարակավ տեղեկացնել ՀՀ գլխավոր դատախազին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=627396707307294&id=100001109106748
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել