Իմ կարծիքով, սա արդեն ծրագրային ճառ էր ու շատ կարեւոր, պետք է ուշադիր լսել
Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Բադեյանը վստահեցնում է, որ եզդի ժողովրդին վիրավորելու նպատակ չի ունեցել եւ դեմ չէ նրանց:
Նա պարզաբանեց, որ ի նկատի չուներ եզդի ժողովրդին, այլ նկատի ուներ այն եզդիին, ով, օրինակ, փողոց է մաքրում եւ ումից չես կարող գրագիտություն պահանջել, «ասել եմ փողոց մաքրողի իմաստով, ոչ թե եզդի ժողովրդի իմաստով, բա ինչի՞ մինչեւ վերջ չի գրել»:
Սա մեր էսօրվա պետության կառուցվածքի արտացոլումն է։ Փաստորեն, սոցիալական ծայրահեղ շերտավորում ու արհամարական վերաբերմունք դեպի «ցածր» խավը։ Նենց տպավորություն ա, որ ֆրանսիական հեղափոխությունը չի եղել, չնայած պարոն դեպուտատին նայելուց կասկածում ես, որ եթե մոդեռնիստական դարաշրջան չլիներ, նա ժառանգաբար ազնվականների դասին կպատկաներ, եւ դեռ մեծ հարց է, արդյո՞ք հնարավորություն կունենար գոնե տառաճանաչ լինելու։
Մյուս կողմից, պարոն դեպուտատին պետք է զարմացնեմ, որ 20 տարվա ընթացքում ՀՀ այնպիսի համակարգ է կառուցվել, որ փողոցի հավաքարարներից շատերը հնարավոր է վերը նշված բառերի հեղինակից շատ ավելի խորը եւ լավ կրթված ու սովորած լինեն։ Ուղղակի մեր մոտ հաջողության հասնելու համար ոչ թե կրթությունն է անհրաժեշտ, այլ զորբայությունը, ճարպկությունը, լկտիությունը, աներեսությունը, ճիշտ շրջապատը, ինչը ամբողջ փաթեթով ներկայացված է ԱԺ-ում՝ մանավանդ մեծամասնության շարքերում։ Իսկ էդ հավաքարարը կարող ա նորմալ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրում լրիվ ուրիշ տեղ աշխատեր, չնայած նման նորմալ երկրներում հավաքարարությունը նույնպես հարգված աշխատանք է, ինչպես մնացած օգտակար եւ կարեւոր զբաղմունքները։
Սիրելի հանդիսատես, վերջում կառաջարկեի ЧтоГдеКогда ակումբի եւ կառավարության բարձր հովանու ներքո անցկացնել ինտելեկտուալ մրցույթ պատահականորեն ընտրված 100 պատգամավորի եւ 100 հավաքարարի միջեւ եւ արդյունքները հրապարակել։ Կարծում եմ, նոր տարվա օրերին ահագին կզվարճանանք: