8-ej-anahitKinoashkharh.am-ը գրում է.

1990-ը շրջադարձային էր դերասանուհի և արձակագիր Անահիտ Թոփչյանի կյանքում: Ստեղծագործական վերելքի շրջանում դերասանուհին զուտ ընտանեկան հանգամանքների բերումով հայտնվեց Փարիզում և անգամ չէր կարող պատկերացնել, որ հենց այստեղ է բացահայտվելու իր երկրորդ տաղանդը` գրականությունը: Ֆրանսիայում դերասանուհին ոչ միայն ստեղծեց իր հեղինակային թատրոնը, այլև սկսեց գրել: Այժմ արդենբազմաթիվ գրքերի ու թարգմանությունների հեղինակը նախապատվությունը տալիս է իր գրական տարերքին: «Lady S.D.F.», «Հայելի», «Անհետացում» գրքերը Անահիտին գրական ճանաչում և պատվավոր մրցանակներ բերեցին: Իսկ վերջին` «Տագնապ» վեպն աշխույժ քննարկումների առիթ է դարձել:

LADYLIVREtagnap cover

- Ձեր առաջին կրթությամբ Դուք բանասեր եք: Երբ ընդունվում էիք ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ, արդեն ընտրել էիք դերասանուհու մասնագիտությունը: Այդուհանդերձ, դիմեցիք ոչ թե թատերական ինստիտուտ, այլ` համալսարան: Ինչո՞ւ, գուցե ստեղծագործ մթնոլորտի՞ համար, որ այն ժամանակ տիրում էր բանասիրական ֆակուլտետում:

- Գիտեք, ես Ձեզ  պետք է հիասթափեցնեմ, որովհետև այնքան էլ մեծ սիրով  չէի  գնում  դասերի: Ավելին` ինձ բանասիրությունն առանձնապես չէր  հետաքրքրում, որովհետև արդեն զբաղված էի կինոյում և թատրոնում: Համոզված էի, որ ծնված եմ բեմի համար: Թատերական ինստիտուտն ինձ չէր հրապուրում, որովհետև ըմբոստ էի և չէի ենթարկվում վարժեցմանը: Իսկ բանասիրական ընդունվեցի, որ բարձրագույն կրթություն ունենամ: Իմ գրականության ուսուցչուհին ինձ ասաց, որ դերասանը պետք է կիրթ և շատ պատրաստված, բազմակողմանի զարգացած ու հարուստ գիտելիքներով  մարդ լինի: «Դա միշտ  քեզ պետք կգա»,- ասաց նա: Եվ այդպես էլ եղավ: Ես, դպրոցից սկսած, արդեն նկարահանվում էի, և ինձ  համար արդեն երկրորդական էր համալսարանական դասերին գնալը: Թող ների ինձ  բանասիրությունը… Սակայն  դա ինձ պետք եկավ հետո`  ավելի ուշ` իմ  կյանքի երկրորդ  կեսին: Ի դեպ, ձեռքիս մեջ տաղանդի երկու գիծ  ունեմ` թատրոնը  և գրականությունը:

Մի՞թե  գրելու  փորձեր  էլ  չէիք  անում:

- Այն ժամանակ ես նույնիսկ չէի էլ մտածում գրելու մասին, անգամ չէի պատկերացնում, որ իմ մեջ գրող կա նստած: Չնայած, օրինակ,  Ֆրանսուազ  Սագանի  թեթև, բայց խորունկ գրելաոճն  ինձ դուր էր գալիս, և պատկերացրեք` մտքովս նույնիսկ անցավ. «Երանի այսպես գրել կարողանայի»: Ինքս  ինձ  համար  գրառումներ էի անում, իհարկե ոչ տպագրվելու նպատակով: Ճերմակ էջի առջև   նստած  հոգեբանական վերլուծություններ էի անում` ինձ  դուր եկած և դուր չեկած նյութի, բայց ավելի շատ` իմ խաղացվելիք դերերի մասին: Այնպես որ բանասիրությունը  երբեք ավելորդ չէր:

download- Ձեր արտիստական խաղացանկում հարյուրից ավելի դերեր եք գրանցել` ոչ միայն թատրոնում ու հայկական կինոյում, այլև ռուսական  կամ ավելի ստույգ` խորհրդային  կինոյում: Բայց տպավորություն ունեմ, որ որքան էլ հետաքրքիր կերպարներ էին, այնուամենայնիվ այն դերերը  չէին, որոնց մասին երազում էիք:

- Ճիշտ   եք, ես  սկզբում վիրավորվում էի, հետո հասկացա, որ  սա  պարզապես  մեր ռեժիսորների էսթետիկան է: Նրանք հայ կնոջը պատկերացնում են որպես տղամարդու կողքին ընդամենը  ֆունկցիոնալ  դեր կատարող մի էակի, որը պիտի  ճաշ  եփի, երեխա ծնի ու բավարարի նրա կրքերը… Դա, բնականաբար, ինձ համար չէր: Ես շատ ավելին էի  պահանջում: Ես անհատականություն եմ, դեռ  վաղ հասակից եմ այդպիսին  եղել և չէի կարող սահմանափակվել այդ խեղճուկրակ կերպարներով: Գիտեք, հենց այդ  պատճառով ես անգամ չէի ուզում ամուսնանալ: Վախ ունեի, որ նույնը պիտի կրկնվի կյանքում: Ես ասում էի, որ ծնվել եմ բեմի, արվեստի համար և ինձ  չի հետաքրքրում ամուսնական կյանքը: Եվ երբ Ալեքսանդրն ինձ  ամուսնության առաջարկ արեց, մերժեցի: Միայն երբ խոստացավ չխանգարել իմ ստեղծագործական կյանքին, ընդունեցի առաջարկը: Նա ասաց, որ ինձ չի խանգարի, ավելին` կօգնի… Եվ  այդպես էլ եղավ: Այն մթնոլորտը, որ մեր տանն էր  տիրում` գրականության և արվեստի մթնոլորտը, ոգեշնչում էր ինձ, այդ ամենն ինձ շատ հարազատ էր, իմ ուզածն էլ դա էր: Մեր կյանքն այնքան հագեցած էր, որ կենցաղային խնդիրների վրա աչք էինք փակում և իրար ներում չհասցրած  բաների համար:

- Նման հագեցած ու գրականությամբ լեցուն մթնոլորտում ապրելով և Ձեր կողքին ունենալով Ալեքսանդր Թոփչյանի նման նրբաճաշակ քննադատի` ինչպե՞ս դիմացաք Ձեր առաջին գրական փորձերը նրան ցույց չտալու գայթակղությանը:

- Գիտեք,  ես շատ հպարտ էի, բայց  նաև շատ էի ուզում նրա անկողմնակալ կարծիքն իմանալ: Ալեքսանդրն այն ժամանակ «Գարունում» էր աշխատում, նրան անվերջ «գրոհում» էին երիտասարդ ու կպչուն պոետեսաները, և ամուսինս շատ էր հոգնել նրանցից: Մի օր, երբ 22 տարեկան էի, նրան տվեցի իմ բանաստեղծությունը և ասացի, որ ընկերուհուս գործն է: Նա  անտարբեր  ասաց. «Թող, հետո կկարդամ»: Բայց քանի որ շատ  անհամբեր էի, ասացի, թե շատ է շտապում, գուցե  կարդամ իր համար: Ամուսինս լսեց և կարճատև դադարից հետո հարցրեց. «Չլինի՞ դու ես գրել, տանը միայն բանաստեղծուհին էր պակաս»: Հետագա 20 տարվա ընթացքում իմ գրածները նրան ցույց չտվեցի: Շատ ավելի ուշ կեսլուրջ-կեսկատակ նրան ասացի. «Դու սպանեցիր իմ մեջ մեծ բանաստեղծուհուն»: Նա էլ պատասխանեց. «Փոխարենը փրկեցի մեծ դերասանուհուն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել