Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադառնալով երեկ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքին նշեց, որ դեպքը գրանցվել է միջանձնային հարաբերությունների արդյունքում: Ուղղակի զավեշտալի է պաշտպանության նախարարի այս խոսքերը: Զարմանալի է, թե ինչպե՞ս է նա կարողանում նման խոսքեր արտաբերել: Ի՞նչ է նշանակում միջանձնային հարաբերությունների արդյունքում զինվորը ինքնասպանություն է գործել: Բա, որտեղ էր այդ զորամասի ամբողջ սպայակազմը: Այնուհետեւ Սեյրան Օհանյանը՝, կարծես, ցանկանալով մեղքը բարդել զինծառայողների վրա, նշեց, որ «եթե այդ զինծառայողները ժամանակին հրամանատարին զեկուցեին, որ միջանձնային հարաբերություններում նման դեպք կա, միջանձնային հարաբերությունների մեջ խնդիրներ կան, ապա կարելի էր կանխարգելել եւ մենք չէինք գտնի զենքի պահասենյակում զինվորը այսպես, սպանված վիճակում»: Այստեղից ծագում է հաջորդ հարցը:
Սեյրան Օհանյանը արդյո՞ք տեղյակ է, թե ինչ է լինում այն զինվորների հետ, որոնք իրենց ծառայակիցների վերաբերյալ ինչ-որ բան են զեկուցում իրենց վերադասին, թե՞ ուղղակի անզոր է դրա դեմ պայքարել եւ չի ուզում ընդունել դա: Փոխանակ պայքարեն, որ բանակ միայն օրինակելի սպաներ մտնեն, որոնք զինվորի համար ավագ ընկեր կդառնան, ոչ թե պատուհաս, ասում են, որ պետք է հրամանատարին զեկուցել: Վստահությամբ կարող եմ ասել, որ այժմ բանակում սպա-զինվոր հարաբերությունները այն մակարդակի վրա չեն, որ զինվորը սպային իր ծառայակիցների մասին ինչ-որ բան զեկուցի: Նույն վիճակն է տիրում նաեւ զինվոր-զինվոր հարաբերություններում: Պաշտպանության նախարարը մի շատ ճիշտ շեշտադրում արեց, որ զորամասերում զինվորները չեն վստահում հրամանատարներին, շատ դեպքերում ավելի շատ վստահում են հասարակական կազմակերպություններին, իրավապահներին, քան հրամանատարներին Մյուսը հայտարարությունը, որն արժանացավ ուշադրությանս, դա այն էր, որ եթե զինվորի ծնողները հրամանատարներին տեղյակ պահեին իրենց որդու զանգի մասին, ապա դեպքը տեղի չէր ունենա: Ինչպե՞ս է Սեյրան Օհանյանը դա պատկերացնում: Զինվորը զանգում, հորը ասում է, որ ինքնասպանություն է գործում, իսկ ծնողը պետք է սառնասրտորեն գնա զորամաս եւ հրամանատարությանը «զեկուցի» այդ մասին: Դա էլ այն դեպքում, երբ այդ չարաբաստիկ զանգից ընդամենը մի քանի վայրկյան անց Վանիչկան արդեն կենդանի չէր…