Tert.am-ը գրում է.
Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ։
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից՝ Բուլղարիայի ԱԳ նախարար Կրիստիան Վիգենինի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է նրան ՍԾՏՀԿ նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և նշել, որ Հայաստանը ամենայն աջակցություն կցուցաբերի Բուլղարիային իր նախագահության ընթացքում։
Հանդիպմանը քննարկվել են ՍԾՏՀԿ օրակագային հարցեր, բուլղարական նախագահության առաջնահերթությունները, տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու ուղիները։ Նախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը։
Նախարար Վիգենինը հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին՝ պաշտոնական այց կատարել Սոֆիա։
Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը շնորհավորել է Հայաստանի արտգործնախարարին կազմակերպությունում Հայաստանի նախագահության հաջող ընթացքի և արձանագրած արդյունքների կապակցությամբ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքներին, ՍԾՏՀԿ քարտուղարության աշխատանքներին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը քննարկվել են ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցելության ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության նախապատրաստական աշխատանքներին։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։ Նախարարներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետագա գործունեությանը և ծրագրերին:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ