Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց եկեղեցին Ռումինիայի մայրաքաղաքի զարդերից է: Եկեղեցին կառուցել է Հովվյան ընտանիքից Հարություն Հովվյանը: Եկեղեցին անվանվեց Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետերի անունով: Նաեւ անձնական ենթադրությունը այն է, որ եկեղեցին նվիրվեց արտոնություն տվող՝ Միհայիլ–Միքայել–Ռագովից իշխանին առ ի հաճություն կամ ի երախտագիտություն իշխանին, եւ այն կոչեցին հանուն Ս. Հրեշտակապետաց` Գաբրիելի եւ Միքայելի: Եկեղեցու նախնական վիճակը փայտաշեն էր, եւ դժբախտաբար եկեղեցին 1781թ. հրկիզվեց: Նույն Հովվյան գերդաստանի թոռները վերակառուցեցին վերոնշյալ եկեղեցին մի քանի տարի, բայց այս անգամ քարաշեն: Համիդյան ջարդերից հետո 1895-1896թթ. Բուխարեստի հայությունը շատանում է եւ որոշվում է եկեղեցին հիմնովին վերաշինել: Բարեպաշտ մի հայուհի՝ Տուտուքա Պըյքըլը, 1897թ. 20.000 լեյ ոսկի գումար է հատկացնում այս նպատակի համար, վերջինս 1905թ եկեղեցու ընդարձակման համար տրամադրում է նաեւ 31.000 լեյ ոսկի գումար: Այս գումարը սակայն անբավարար էր խոշոր եկեղեցի կառուցելու համար:

Եկեղեցու կառուցման համար հարկավոր էր 150.000 լեյ ոսկի գումար: Եկեղեցու կառուցման աշխատանքները սկսելու համար ժողովուրդը նույնպես մասնակցում է այս ծրագրին եւ գումար տրամադրում, սակայն դա էլ բավարար չի լինում եկեղեցու աշխատանքները սկսելու համար: Եկեղեցական խորհուրդը որոշում է աճուրդով վաճառքի հանել եկեղեցապատկան կալվածքներից՝ եկեղեցուն կից Արմենասկա (հայկական) փողոցի վրա գտնվող երկու շենքեր` 20.000 լեյ ոսկի դրամ, որոնք հետո վերստին, իբրեւ նվեր պետք է վերադարձվեր համայնքին:
Այդ ժամանակ հայ գաղութի երեւելիներից եւ Բուխարեստի վճռաբեկ ատյանի խորհրդական Գրիգոր Պըյքըլիի ջանքերով, ով մեծ գումար տրամադրեց եկեղեցու կառուցման համար, իր օժանդակությամբ եւ եկեղեցական խորհուրդի որոշումով, 1910թ. մարտի 3 մասնավոր ճարտարապետ է գնում Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ ուսումնասիրելու Մայր Տաճարը, որի նման կառուցվում է Բուխարեստի Ս.Հրեշտակապետաց Հայոց եկեղեցին: Ճարտարապետը երեք ամիս մնում է Էջմիածնում: Եկեղեցու հիմնարկեքը կատարվում է 1911թ., եկեղեցու կառուցման համար հավաքվում է անհրաժեշտ 113,342.50 լեյ ոսկի գումար, եւ եկեղեցու շինությունը ավարտվում է 1914թ: Եկեղեցական խորհուրդը որոշում է, որ եկեղեցու օծումը պետք է կատարվի 1915թ. սեպտեմբեր 8-ին, ձեռամբ` Տ. Ղեւոնդ արք. Դուրյանի՝ ով այդ ժամանակ Բուլղարահայերի հոգեւոր առաջնորդն էր: Եկեղեցին այսօր գտնվում է բարվոք վիճակում եւ զարդարում է Ռումինիայի մայրաքաղաքի սիրտը: Եկեղեցին կառուցվել է strada Armenasca (թրգմ` հայկական փողոց) եւ Strada Carol I(թրգմ` Կարոլ Ա. փողոց) փողոցները հատող վայրում: Այն գտնվում է Բուխարեստի կենտրոնում եւ իր հովանու տակ են Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդարանը եւ Ռումինիայի Հայոց Միությունը:



