Դու ինձ քարշ էիր տալիս անդունդի մոտ, իսկ ես բղավում ու հայհոյում էի քեզ: Ձեռքերս ոլորեցիր: Ոտքով հարվածեցի քեզ: Ծանր ապտակ ստացա դեմքիս: Շրթունքներս արյունոտվեցին: Նստեցի հատակին: Սկսեցիր ինձ հողերի միջով քարշ տալ: Ձախ կոշիկս մնաց խոտերի մեջ: Պատռեցիր վերնաշապիկիս թևքը: Փորձեցի կանգնել: Ոտքերով հարվածեցի: Էլի ապտակ ստացա: Փորձեցի ձեռքդ ճանկռել կամ կծել: Ոտքդ մի լավ հարված հասցրեց փորիս: Էլի ծնկեցի: Երկու ամուր ձեռքեր ինձ քարշ էին տալիս՝ ուսերիցս, հագուստիցս, մազերիցս բռնած:
Մոտենում ենք: Մոտենում ենք անդունդին: Բռնեցիր մազերիցս, շպրտեցիր ինձ դեպի զառիթափը: Մեռնելուց ութուկես պակաս ու քառասունհինգ սանտիմետր այս կողմ ծնկեցի: Ծնկներս քարոտվեցին, շուտով քարերը կարյունոտվեն, ծնկներս էլ կքերծոտվեն: Ամեն ինչ այնքան կանխատեսելի է: Ծնկած, գլուխս կախ հևում եմ: Հիմա, հիմա քարերը կարյունոտեն, քերծվածքին բնորոշ մրմռոց կզգամ ծնկներիս…
-Շնչի՛ր,-գոռում էիր դու,- շնչի՛ր, գրողը քեզ տանի, տխմա՛ր: Հիմա՛ր աղջիկ: Դու ոչինչ չես հասկանում: Դու…ոչինչ…չես հասկանում…
Ընկար թե նստեցիր կողքիս՝ չհասկացա: Ինձ մնում էր անդունդից նայել, շրթունքներիս արյունը թքել ներքև ու ծիծաղել:
Ամբողջ մարմնով մեկ ծիծաղ եմ դառնում: Հևում եմ: Արյուն թքում: Շարունակում եմ ծիծաղել: Ամբողջ մարմնով թքածս արյունն եմ դառնում: Շունչս կտրվում է: Շարունակում եմ օդը հնարավորինս մեծ կտորներով կուլ տալ: Ինձ քարշ տվող ձեռքերն էլ են հևում: Գլուխը մոտենում է: Թքում ներքև: Նայում ինձ: Ի պատասխան արյուն եմ թքում ու վերնաշապիկիս թևքով մաքրում շրթունքներս:
Մեր գլուխները բարձրացնում ենք վերև: Ծնկում ենք: Ուղղում մեջքներս: Խորը շնչում: Աչքերս կկոցում եմ:
Արդեն լուսանում է: Երկինքը պատռվում ու պատվում է նարնջագույնով: Վառ, տաք նարնջագույնով: Աջ կողմում փոքրիկ ամպիկներ կան: Ձախ կողմում դեռ չի լուսացել:
Աջ ձեռքը պտտում է դեմքս դեպի իրեն: Մատներով սահում ձախ այտիս, շուրթերիս, աջ այտիս վրայով: Խորը հոգոց եմ հանում:
-Շնչում եմ: Ես ապրում եմ, գրողը քեզ տանի, տխմա՛ր: Ես շնչում եմ:
Ձեռքերը գրկում են ինձ: