Մարդիկ միշտ էլ նախընտրել են բնակվել ջրին մոտ ու նույնիսկ տուն-նավակներում ապրել, սակայն լողացող տան այս նոր նախագիծը բոլորովին այլ որակներ է հաղորդում ու իսկական ճոխություն փոխանցում ծովային կյանքին: Այս հարմարավետ կառույցը հնարավոր է հեշտությամբ տեղափոխել այն վայր, որը ձեզ համար ավելի հոգեհարազատ է: Եվ որ ամենակարևորն է, որտեղ էլ որ դրա տերերը որոշեն այն կայանել, կվայելեն դրան շրջապատող անսահման գեղեցկությունն ու բնական լույսը` դրա ապակյա թափանցիկ պատերի շնորհիվ:
Լողացող տան նախագիծը Սինգապուրից տաղանդավոր ճարտարապետ Դիմիտր Մալկոուին է պատկանում: Նա այն նախագծել է « H2ORIZON» ֆրանսիական ընկերության համար: Լողացող հարթակի վրա կառուցված տան մեջ կա երկու ննջասենյակ, երկու լոգասենյակ, հյուրասենյակ ու բարով խոհանոց: Ինչպես արդեն նշեցինք, տան ապակյա պատերի շնորհիվ` անկախ տան դիրքից, բնակիչները հնարավորություն ունեն վայելելու շրջապատող գեղեցիկ տեսարանը: Դե իսկ եթե բնակիչները ցանկանում են առանձնանալ ու չերևալ, նրանք կարող են օգտագործել փայտից շարժական դռները:
Մալկոուն իր կայքում գրում է, որ տունը նախագծվել է այն մարդկանց համար, ովքեր գնահատում են ազատությունն ու բնությունն: Նա նաև ավելացնում է, որ լողացող տան կոնցեպտը իրականացնելիս ոգեշնչվել է բնությունից, ազատ, բաց, ճոխ ու միևնույն ժամանակ հեշտ կյանքից: Անհնարին թվացող այս կոնցեպտն իրականություն է դարձել մինիմալ միջամտությամբ:
Դիմիտր Մալկոուի կողմից նախագծված լողացող տունը, որը կարելի տեղափոխել ցանկացսծ տեղ: