1in.am-ը գրում է.
Լիբանանի արևելյան շրջանները կտրված են ափից՝ ուժեղ ձնաբքի պատճառով, ինչը հանգեցրել է լեռնանցքների միջով ճանապարհների փակման՝ հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստակայանը:
Անբարենպաստ եղանակի կապակցությամբ տեղի իշխանությունների և Բեյրութում ՄԱԿ գործակալությունների աշխատակիցներն անհանգստացած են սիրիացի փախստականների ճակատագրերի համար, որոնց վրանային ճամբարները գտնվում են երկրի հյուսիսում և Բեքաա հովտում:
«Մենք կկենտրոնացնենք մեր բոլոր ռեսուրսները և կհամակարգենք քայլերը փախստականների հարցով ՄԱԿ գերագույն հանձնակատարի վարչության հետ»,- ասել է Լիբանանի սոցիալական գործերով նախարար Վաիլ Աբու Ֆաուրը:
Նրա խոսքերով՝ փրկարարական ծառայությունները, Կարմիր խաչը և լիբանանյան բանակի զինծառայողները ճամբարների բնակիչներին բաժանում են պոլիէթիլենային թիկնոցներ, տաքացուցիչներ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Լիբանանում գրանցված է 835 հազար սիրիացի: Տեղի ԶԼՄ-ները և կառավարական աղբյուրներն իրենց հերթին նշում են, որ փախստականների թիվը գերազանցում է 1.2 միլիոնը: