1in.am-ը գրում է.

Դատելով շուկայում առկա գներից` Ամանորին ընդառաջ՝ մսամթերքն, ամենայն հավանականությամբ, չի թանկանա: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Իրազեկ և պատպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը` հավելելով, որ Նոր տարվա նախաշեմին, ինչպես սովորաբար, կբարձրանա պտուղ-բանջարեղենի գինը, իսկ ահա ընդեղենը հավանաբար չի թանկանա:

«Մսի՝ նորմայից ցածր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ գյուղացին այլևս չի կարողանում անասուն պահել: Սակայն հետո մսի անխուսափելի դեֆիցիտի արդյունքում կունենանք բարձր գներ: Թանկացում կնկատվի նաև Ամանորի հետ անմիջական առնչություն ունեցող աքսեսուարների, խաղալիքների մասով: Քիչ չեն դեպքերը, երբ 400 դրամ ինքնարժեքով տոնածառի խաղալիքը փաթեթավորվում է 20 դրամանոց մի տոպրակով և վաճառվում, ասենք, 1000 դրամով»,- ասաց նա:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ Նոր տարվա նախաշեմին շատ խանութներ դիմում են մարքեթինգային խաբկանքի՝ մարդկանց առաջարկելով անիրական, ընդհուպ 80 տոկոս զեղչեր:

«Ընդհանուր առմամբ, Ամանորի բեռի տակից պատվով դուրս գալու, ոչ այնքան ճոխ սեղան ունենալու համար պահանջվում է միջինը 150-200 հազար դրամ՝ ներառյալ խոզի բուդը, հնդկահավը, ձուկը, օղին, աղցանների պարագաները և այլն: Ըստ այդմ, երեսուն հազար դրամ ծախսվում է օղու, գինու, շամպայնի, 20 հազար դրամ՝ բդի վրա»,- ասաց նա` հավելելով, որ Ամանորի ամենաճոխ սեղանի համար կարելի է ծախսել մինչև երկու միլիոն դրամ՝ ներառելով ձկնկիթն ու ձկան տեսականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել