«Առաջին լրատվական»-ին նրա տրամադրած հայտարարության մեջ ասվում է. «Ի լրումն մեր ժամանակների հակահերոս, արտասովոր ոճրագործ Սուրիկ Խաչատրյանի՝ տխրահռչակ Լիսկայի և նրա բանդայի կողմից կատարված և իմ կողմից հրապարակված բազմաթիվ հանցանքների՝ այժմ ավելացնում եմ հետևյալը:
Հայտնի է, որ Սուրիկ Խաչատրյանը 1972 թվականին հեռացվել է դպրոցից, իսկ 90-ական թվականների սկզբներին ապօրինի ճանապարհով՝ հանցագործության արդյունքում, ըստ էության, ձեռք է բերել միջնակարգ դպրոցի ավարտական վկայական, այնուհետև նույն իննսունականների կեսերին մեկ ժամ անգամ դասի չհաճախելով, չմասնակցելով որևէ քննության, ստուգարքի՝ ձեռք է բերել նաև Գորիսի «Պրոգրես» համալսարանի շրջանավարտի գերազանցության դիպլոմ, իսկ 1999-ին իբր ընդունվել և մի քանի տարի հետո դարձյալ՝ իբր գերազանցությամբ, ավարտել է ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական կառավարման ակադեմիան, նորից ստացել կարմիր դիպլոմ:
Ի լրումն այդ ամենի՝ հայտարարում եմ, որ նույն հանցագործ ճանապարհով իր կնոջ՝ Լորետա Բարսեղյանի համար 90-ականներին ձեռք է բերել միջնակարգ դպրոցի ավարտական վկայական, այնուհետև նույն՝ «Պրոգրես» համալսարանի (հետագայում վերանվանվել է «Սյունիք») շրջանավարտի դիպլոմ, իսկ մոտ տասը տարի առաջ իր՝ ըստ էության կիսագրագետ կնոջը կարգել է Գորիսի ԶԱԳՍ-ի պետ, և արդեն տասը տարի շարունակ նա զբաղեցնում է այդ պաշտոնը:
Սուրիկ Խաչատրյանն ունի երկու որդի՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, երկուսն էլ սկզբում մի քանի տարի իբր սովորել են Գորիսում՝ Բակունցի անվան միջնակարգ դպրոցում, ապա Գորիս քաղաքի վարժարանում: Քանիցս հրապարակումներ են եղել, թե իրենց այլանդակ վարքով ինչպես են հանել ուսուցիչների հոգիները: Սուրիկ Խաչատրյանը, չարաշահելով մարզպետի իր դիրքը, 2010-ին ստիպել է Կապան քաղաքի թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Է. Բեգլարյանին, որ նա, իր դիրքը չարաշահելով, նույն թվի հուլիսի 9-ին Լիսկայի 16-ամյա որդուն՝ Տիգրանին, տրամադրի գրեթե գերազանց առաջադիմության ատեստատ, որի համարն է AA460497: Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա կրթական համակարգ է գործում, և այդ տասնվեց տարեկան տղային, թռիչքային ձևով դասարանից դասարան փոխադրելով, տվել է այդ ատեստատը, մինչդեռ նա 17-18 տարեկանում պիտի ավարտեր դպրոցը:
Նույն թվականին Սուրիկ Խաչատրյանը որդուն ընդունել է տվել Գորիսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, կարգել նույն բուհի ուսանողական խորհրդի նախագահ: Մեկ տարի անց՝ չնայած բոլորը գիտեին, որ նա չէր առաջադիմում, բոլոր դասախոսները նրան գնահատելիս գերազանց են նշանակել, մինչդեռ նա որևէ քննության ու ստուգարքի չի ներկայացել:
2011 թվին Սուրիկ Խաչատրյանը որդու ազատ տեղաշարժի համար նրան ձևակերպել է իբրև պատմության ֆակուլտետի հեռակա բաժնի երկրորդ կուրսի ուսանող: Հետաքրքիր է, որ լինելով հեռակա բաժնի ուսանող՝ նա շարունակում է մեկ տարի մնալ նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ: Վերջերս էլ արդեն փաստաթղթերն այդ բուհից հանել է, չգիտեմ՝ մայրաքաղաքի որ բուհում է ձևակերպելու նրան:
Մենք բացահայտել ենք նաև, որ նույնը կատարել է իր կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի համար. նույն հանցագործության միջոցով՝ կեղծիքներով, նրա համար հանրակրթական դպրոցի ատեստատ է ապահովել: Նա ձևակերպվել է իբրև ՀՊՏՀ առաջին կուրսի ուսանող՝ այն դեպքում, երբ իր դասընկերները դեռ դպրոցում են, փաստորեն՝ կրտսեր որդու համար ևս միջնակարգ և ավագ դպրոցների ավարտական ատեստատ է կեղծվել:
Ավելացնեմ նաև՝ ապշեցուցիչ է, որ Լիսկան Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, դրա հետ միաժամանակ մի շարք այլ պաշտոններ է զբաղեցնում՝ ՀՀԿ խորհրդի անդամ, նույն կուսակցության Սյունիքի տարածքային կազմակերպության նախագահ, «Սյունիք» բարեգործական հիմնադրամի նախագահ, «Հայոց մարտիկներ» ՀԿ նախագահ, «Գորիս» և «Սյունիք» հայրենակցական միությունների նախագահ, ԵԿՄ վարչության անդամ, նույն միության Սյունիքի տարածքային կազմակերպության նախագահ և այլն:
Ես չեմ հոգնել և չեմ հոգնելու. հերթական անգամ տիրող ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանից և իրավապահ համակարգից պահանջում եմ վերջապես ձեռնաշղթաներ հագցնել մեր ժամանակների այդ արտասովոր ոճրագործ Լիսկային»:



