1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչիուլլիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամո գրասենյակից:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով։ Նա հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանն իր աշխատանքով կնպաստի հայ-իտալական բարեկամական փոխգործակցության ընդլայնմանը և խորացմանը: Նախարարը հավելեց, որ Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը, որը հիմնված է պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա, ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով նոր ձեռքբերումներ արձանագրելու համար։

Դեսպան Ռիչիուլլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի առավելագույնը հայ-իտալական համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը և դեսպան Ռիչիուլլիին քննարկել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի խթանման, ապակենտրոնացված, կրթամշակութային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձել են նաև Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել