1in.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան: Դավութօղլուն ասել է, որ ընդունել է Հայաստանի հրավերը` մասնակցելու Երևանում դեկտեմբերի 12-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության նիստին: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այցին անդրադարձավ Թուրքիայի «Ռազմավարական հեռանկար» քաղաքական ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի փորձագետ Մեհմեդ Ֆատիհ Օզթարզուն: Նրա գնահատմամբ՝ ձախողված «ֆուտբոլային քաղաքականությունից» հետո Դավութօղլուի այս այցը կարևոր էջ է մեր պատմության մեջ: Իսկ Դավութօղլուն, թուրք փորձագետի համոզմամբ, կիսում է թուրքական կողմի բարի կամքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: 

«Երևանը պետք է իմանա այս հնարավորության մասին և պետք է բացի դուռը երկխոսության համար: Ես դեմ եմ բոլոր քաղաքական նախաձեռնություններին, որոնք կլինեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Սա առանձին հարց է, և Դավութօղլուն շատ լավ գիտի այս մասին: Նրա այցն ու նոր բանակցությունները պետք է վերաբերեն միայն սահմանների բացմանն ու դիվանագիտական հարաբերություններին: Սա աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է»,- պարզաբանեց նա:

Անդրադառնալով ռուս-թուրքական սերտացող հարաբերություններին՝ փորձագետն ասաց, որ դրանք միշտ հավասարակշռված են, և մասնավորապես էներգետիկ համագործակցությունն այստեղ շատ կարևոր է: Թեև, նրա խոսքով, այդ համագործակցությունը վերաբերում է նաև որոշ տարածաշրջանային հարցերի, թուրք փորձագետը չի կարծում, թե դա կարող է որևէ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: «Եթե ՌԴ-ն կանխի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն, ապա կարելի է ասել, որ թուրք-ռուսական հարաբերություններն ազդեցություն կունենան Հայաստանի վրա»,- նկատեց Օզթարզուն:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ժամանակ հանդիպել էր իր հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ: Նա նաև հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որը կարևորագույն հարց է Երևանի հետ հարաբերությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել