Hayeli.am-ը գրում է.
Փաստաբան Կարեն Մեժլումյանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցում հնչեցրած կտրուկ գնահատականները համարում է արդարացված: Hayeli.am-ի հետ զրույցում Մեժլումյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում, եթե անգամ կան արդար դատավորներ, ապա համակարգը նրանց կոտրում է: <<Համակարգում կոռուպցիա միանշանակ կա, և դա հանրահայտ փաստ է, որովհետև շատ հաճախ կայացվում են ակնհայտ ապօրինի որոշումներ, և հասկանալի է, որ նման որոշումները, առանց կոռուպցիոն միջամտությունների, չէին կարող կայացվել: Պարզապես դատական համակարգի կոռուպցիան շատ թաքնված հանցագործություն է, դու չես կարող կոնկրետ թվեր հրապարակել և ասել, թե այս դեպքի համար այսքան են վերցրել, մեկ ուրիշի համար՝ այնքան: Դրա համար կոնկրետ փաստեր են պետք, որոնք հայթայթելը շատ դժվար է>>,- նշեց փաստաբանը:
Միաժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցում հրապարակված դատական կաշառքի սակագները, ըստ որի՝ առաջին ատյանում կաշառքի չափը գտնվում է 500-10.000 ԱՄՆ դոլարի, վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլարի, իսկ վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլարի միջակայքում, Կարեն Մեժլումյանը օբյեկտիվ է համարում: <<Սակայն սա ամենևին չի նշանակում, թե արդար որոշումներ դատարանները երբևէ չեն կայացնում: Իհարկե կան դատավորներ, ովքեր կայացնում են արդար վճիռներ, սակայն դրանք ավելի շատ լինում են փոքր՝ մանր-մունր գործերի հետ կապված: Մեծ գործերի դեպքում, որպես կանոն, արդար վճիռներ չեն կայացվում՝ կա՛մ դատավորները ճմշումների են ենթարկվում հզոր անձանց և բարձր պաշտոնյաների կողմից, կա՛մ էլ գործի է դրվում կոռուպցիոն մեխանիզմը: Ընդհանրապես մեծ գործերի դեպքում շատ լուրջ վերահսկողություն է իրականացվում, և դատարանները, որպես կանոն, ազատ և անկախ չեն գործում: Իհարկե Սահմանադրությամբ և օրենքներով՝ դատարանները անկախ են, սակայն մի բան է օրենքը, բոլորովին այլ բան՝ իրականությունը>>,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց Կարեն Մեժլումյանը:
Նրա խոսքով՝ եթե անգամ առանձին դատավորներ փորձում են իսկապես արդար դատավճռներ կայացնել, իսկ այդպիսիք քիչ, բայց կան, համակարգում խոչընդոտների են հանդիպում: <<Կան դատավորներ, որոնց մոտ եթե մեր գործերը ընկնում են, մենք՝ փաստաբաններս, շատ ուրախանում ենք, որովհետև գիտենք, որ իրենք օբյեկտիվ են աշխատում: Բայց կան դատավորներ, որոնց կայացրած արդար վճիռները վճռաբեկ դատարանում բեկանվում են, և հակառակը՝ ակնհայտ ապօրինի որոշումները Վճռաբեկում նույնությամբ մնում են>>,- մանրամասնում է փաստաբանը՝ ավելացնելով, որ հենց այս գործոնով է պայմանավորված նաև, որ ՄԻՊ-ը իր զեկույցում հատուկ նշել է վճռաբեկ դատարանների նախագահների անունները՝ փաստելով, որ հենց նրանք են, որ ապօրինի դատական վճիռների համար կանաչ լույս են վառում, հասկանալի է՝ կոռուպցիայի և ճնշումների ազդեցության տակ:
Խոսելով կոնկրետ անուններից՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը մեր խնդրանքով մի քանի, իր խոսքով, արդար դատավորների անուններ նշեց՝ Վազգեն Ռշտունի, ով հրաժարվեց Կենտրոնի դատարանի դատավորի պաշտոնից և գերադասեց աշխատել Կոտայքի դատախազ: Դարձյալ Կենտրոնի դատավորներից Մխիթար Պապոյանը գերադասեց դատավոր աշխատել Եղվարդում, որտեղ ինքը համեմատաբար ավելի ազատ կարող է գործել:
Ըստ փաստաբանի՝ պատճառն այն էր, որ Կենտրոնի դատարանում դատավորների նկատմամբ մշտական ճնշումներ կան, լինում են նաև դեպքեր, երբ նրա արդար որոշումը Վճռաբեկում բեկանվում է, իսկ դա արդեն վստահության պակաս է առաջ բերում գործող դատավորների նկատմամբ: Կարեն Մեժլումյանն առավել դրական է գնահատում երիտասարդ դատավորների գործունեությունը: Մեզ հետ զրույցում նա նշեց Աջափնյակի դատարանից Դավիթ Բալայանի /Կիմ Բալայանի որդին է-խմբ/, Կենտրոնի դատավորներից Ռուբեն Ափինյանի անունները: <<Ընդհանրապես դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել վճռաբեկ դատարանից: Այս մասին խոսել է նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 5 տարի առաջ: Խոսեց նաև իր վերջին ընտրություններից առաջ, բոլորն էլ ասում են այդ մասին, բայց սայլը տեղից չի շարժվում>>,- եզրափակեց Կարեն Մեժլումյանը:
Հիշեցնեք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի` զեկույցում նշված էր դատական համակարգում առկա հետևյալ կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը և տրման ձևերը:
Տարբերակ 1. Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:
Տարբերակ 2. Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև:
Դատական կաշառքի սակագներ
Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատնվում են հետևյալ միջակայքերում.
- առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար,
- վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար,
- Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
Տարբերակ 3. Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որևէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում և հրանգավորվում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամի կողմից:
Տարբերակ 4. Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը և փոփոխմանը:
Կարինե Սարիբեկյան