ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցը սառը ցնցուղ էր՝ ուղղված արդարադատության համակարգին: Գաղտնիք չէ, որ դատական համակարգում կան արատավոր խնդիրներ, հանրությունն էլ չունի մեծ վստահություն, բայց որ արդեն օմբուցմենն է տարեվերջին արտահերթ զեկույցի տեսքով անդրադառնում կոռուպցիոն մեխանիզմներին և դատական տարբեր ատյաններում կաշառքի տարբերակված սակագներին, դատավորների նկատմամբ ունեցած ճնշումներին, Արդարադատության խորհրդում,Վճռաբեկ դատարանում արձանագրված խախտումներին, երկակի ստանդարտներին և անգամ օրենսդրական խնդիրներին, սա արդեն բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Արդյո՞ք այն բաերփոխումները, որոնք տարիներ շարունակ իրականացվել են արդարադատության համակարգում տվել են սպասված արդյունքները: Եթե այո, ապա ինչու՞ է օմբուցմենի գրասենյակի 77 էջանոց զեկույցը ծայրից ծայր անվստահություն հայտնում արդար դատաքննությանը, եթե ոչ՝ ո ՞վ պետք է պատասխան տա այն չստացված բարեփոխումների համար, որի վրա այդքան ժամանակ ու հսկայական միջոցներ ծախսվեցին:



