1in.am-ը գրում է.

Կիրակի Վենեսուելայում հիշել են Ուգո Չավեսին: Իշխանությունները կարգադրել են դեկտեմբերի 8-ը համարել նախկին առաջնորդի հավատարմության օր: Այս օրը նշել են նաև ընտրատեղամասերում, քանի որ այդ օրը երկրում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Կարակասում բազմաթիվ մարդիկ են հավաքվել Ուգո Չավեսի դամբարանի մոտ: Դեռևս ավանդույթ չկա՝ ինչպես անցկացնել այս տոնակատարությունը: Առաջարկ կա օրն անցկացնել «Կարաբոբոյի զարթոնքը» հրավառությամբ: Այս անվան հիմքում ընկած է պատմական իրադարձություն. 19-րդ դարի ճակատամարտում Սիմոն Բոլիվարը ջախջախում է իսպանական զորքերին և հետ գրավում Վենեսուելայի անկախությունը: Չավեսը հրավառության է կազմակերպել ի պատիվ Բոլիվարի: Այժմ առաջարկում են նույն բանն անել՝ ի հիշատակ Ուգո Չավեսի:

«Այս ավանդույթի հիմքը դրել է Գերագույն գլխավոր հրամանատար Չավեսը: Թող հրավառությունն արթնացնի հեղափոխական զինված ուժերին, թող արթնացնի բոլորին՝ մեզ մարտ է սպասվում ընտրություններում»,- ասել է Վենեսուելայի խորհրդարանի պատգամավորներից մեկը:

Ընտրություններում հիմնական պայքարն ընթացել է երկու ուժերի՝ իշխող Միասնական սոցիալիստական կուսակցության և ընդդիմադիր Ժողովրդավարական միասնականության դաշինքի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել