1in.am-ը գրում է.

Ոսկե մեդալը, որը 1936 թվականին Բեռլինում կայացած Օլիմպիական խաղերին շնորհվել է ամերիկացի թեթևատլետ Ջեսի Օուենսին, դեկտեմբերի 8-ին SCP առցանց աճուրդում վաճառվել է 1 մլն 466 հազար 574 դոլարով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Մեդալը գնել է ամերիկացի միլիարդատեր Ռոն Բերքլը:

Աճուրդի մեկնարկից առաջ մարզիկի դուստր Մարլենը հույս է հայտնել, որ մեդալը բաժին կհասնի որևէ հասարակական կազմակերպության կամ թանգարանի և հասանելի կլինի հանրությանը: Վաճառքի եկամուտների մի մասը կփոխանցվի Ջեսի Օուենսի հիմնադրամին:

1936-ի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնց ներկա է գտնվել Ադոլֆ Հիտլերը, սևամորթ մարզիկը, ով հանդես էր գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, ընդհանուր առմամբ նվաճել է 4 ոսկե մեդալ:

Աճուրդում վաճառված մեդալը պատկանել է պարող Բիլ Ռոբինսոնին: Օուենսը դա նրան անձամբ էր նվիրել՝ ի նշան երախտագիտության աշխատանքի որոնումներում օգնության: Թե որտեղ են գտնվում մյուս երեք մեդալները՝ հայտնի չէ:

Օուենսի մրցանակի արժեքը դարձել է ռեկորդային օլիմպիական մրցանակների համար: Մինչ այդ ամենաթանկը համարվել է 1896 թվականին Առաջին Օլիմպիական խաղերի արծաթե գավաթը, որը 2012-ին վաճառվել է 865 հազար դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել