Քայլում ենք .. առավոտյան ժամը 9-ն է.. ցուրտ է ու ձնոտ ... Բաճկոնդ տաքացնում է քեզ, իսկ՝ դու ինձ... երբեք չեմ բողոքել ձեռքերիդ ջերմությունից, սակայն նախընտրում եմ խցկել գրպաններս .. 
Ձյուն է գալիս ... իսկ մենք երջանիկ ենք..
Ձյունը ծածկել է փողոցները .. ապակիները սառույց են կապել, իսկ մենք աշխարհի ամենատաք ու ամենաերջանիկ պահերն ենք ապրում..
Ցուրտ չէ, իհարկե...
Թավալվում ենք սպիտակ ձների մեջ ու իրարից ձնեմարդուկներ պատրատում .. 
Ժպիտս վճռական է, որոշել է այլևս չհեռանալ.. Սառել են այտերս ու նմանվել եմ փոքրի՜կ խոզուկի ... ինչպես դու ես հաճախ կրկնում.. 

Ձնագնդիներ.. 
Գնդենման ձնեմարդը դառնում է մեր երջանկության լրացումը.. ինչ-որ տարօրինակ ձնեմարդուկ, որ 2 ժամ չարչարվելուց հետո միայն պատրաստ եղավ ..
Հիմա էլ աչքեր չուներ .. Քիթը՝ թուղթ էինք դրել .. աչքերն էլ վերջում շրթներկովս նկարեցինք ...
Որտե՞ղ ենք պահելու նրան...
Որոշել էինք մեր բակ բերել, սակայն մինչև բերեինք, կհալվեր.. իսկ ձեր բակում մի հսկայականն արդեն կար և կճնշեր մեր փոքրի՜կ ձնեմարդուկին .. վերջում նրան թողեցինք Կարապի լճի հարևանությամբ ձնածածկ հատակին.. 
2 օր ապրեց մեր ձնեմարդուկը .. հետո նրան «սպանեցին»... ես շատ տխրեցի, բայց երջանկացա, երբ քեզնից նվեր ստացա գնդենման ձնեմարդուկի փափուկ տեսակը, որ երբեք չի «սպանվի» ..
Սա 2013 թվականը չէ ...

....
Առաջին ձյան հետ մի թեթև ժպիտ է հայտնվում դեմքիս ու մոռացնել տալիս մենակությունս...
Պատուհանս բաց է ... ցրտում է սակայն ոչ սենյակս, այլ սիրտս ...
Շատ ավելի սառը, շատ ավելի ցուրտ սառնությամբ թափվում են արցունքներս «ժպտախառը» շուրթերիս..

Գնդենման ձնեմարդուկը ձեռքերումս է.. արցունքներս թրջել են նրա «գազար» քիթը...
Ձեռքերիդ ջերմությունից բողոքում եմ այս անգամ, գուցե, որովհետև գրպան չունեմ, որ խցկեմ .. կամ ձնեմարդուկս է սառը .. կամ դու հեռու ես..
Ձյուն է գալիս.. իսկ մենք երջանիկ չենք ...
Ձյունը մի պարիսպ է կապել ու ավելի երկարացրել մեր քաղաքների հեռավորությունը ..
Չգիտեմ, թե քանի՜ ձմեռ կանցնի .. ու քանի՜-քանի՜ ձնեմարդուկներ կպատրաստվեն ու կհալվեն.. 
Մինչ ինքնաթիռները մեզ միացնեն կրկին ձմեռները կլինեն սառը ու ցուրտ.. 

Ձեզ մոտ վաղուց ձնոտ է .. սակայն ես այսօր եմ հասկանում քո տխրությունը ... 
Ձյունը ծածկել է փողոցները, ապակիները սառույց են կապել ... ու մենք՝ աշխարհի ամենասառը ու ամենատխուր պահերն ենք ապրում..
Ցուրտ է, իհարկե ..
Ու ամենևին տաքանալու համար ինձ բաճկոններ հարկավոր չեն .. և ոչ էլ թեյեր .. ծածկոցներ ... 
Թավալվել է պետք ձների մեջ .. ու իրարից ձնեմարդուկներ պատրաստել ..
Նմանվել է պետք փոքրի՜կ խոզուկի ... ու պետք է դու դա հաճախ կրկնես..
Սա 2013 թվականն է ...

Ամուր պահել եմ քո նվիրած փափուկ ձնեմարդուկը, որ հանկարծ չհալվի ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել