Pastinfo.am-ը գրում է.

Այսօր ուժի մեջ մտավ 2012 թ.դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Ազգային ժողովի որոշումը:    Համաձայնագրով Հայաստանի քաղաքացիների համար նախատեսվում են շենգենյան գուտու երկրների մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր:    Պարզեցված ընթացակարգ է նախատեսվում՝ Հայաստանի քաղաքացիների բավականին լայն կատեգորիաների, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի, արվեստի գործիչների, բուժվելու նպատակով մեկնողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, Եվրամիության երկրներում գրանցված հայկական համայնքային կառույցների հրավերով մեկնողների, Եվրամիության երկրներում օրինական բնակություն ունեցող մերձավոր ազգականներին այցելելու համար:    Նշված կատեգորիաների Հայաստանի քաղաքացիների համար նախատեսվում է մեկ, երկու և հինգ տարով բազմակի մուտքի, շենգենյան մուտքի վիզայի տրամադրում` ըստ անհրաժեշտության:    Նախատեսվում է նաև նվազեցնել շենգենյան մուտքի վիզայի գինը` 60 եվրոյից 35 եվրոյի, և այն անվճար դարձնել վերը նշված խմբերի, ինչպես նաև՝ 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաների և թոշակառուների համար:    Հայաստանի դիվանագիտական անձնագիր կրողները կազատվեն շենգենյան մուտքի վիզայի պահանջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել