Դու հորդ` Տիգրան Մեծի Արժանավոր որդին էիր
Արտավազդ արքա:
Հորդ կամքով օծվեցիր արքա-գահակից
Եվ եղար տիրակալ-գահակից,
Ապա՝ արքայից-արքա…
Դու տարածք ստացար
Քո արքա հորից,
Տիրակալ եղար այդ հողին,
Չկորցրեցիր դրանից մի թիզ,
Չդարձար Հռոմ-Տիզբոն առանցքի կատարող՝
Խաղացիր քո խաղը երկու կողմերում…
Երկիրդ հեռու պահեցիր կռվից,
Եղար զորավոր արքա,
Կռվեցիր քո հողի համար
Եվ Հայոց Միջագետքն հետ առար,
Որ խլվել էր Հայոց աշխարհից…
Քեզ փորձեց կոտրել
Անտոնիոս անունով մի սինլքոր,
Գող ու ավազակ զորավար,
Բայց դու մաս չդարձար նրա խաղին,
Քո հողը պահեցիր սրբորեն:
Եվ նա դավ սարքեց,
Երդումով քեզ կանչեց հանդիպման,
Ուխտադրուժ, ժանտաբար կալանեց քեզ,
Հայոց թագուհուն,
Տիգրան և Արտավազդ որդիներիդ,
Թալանեց գանձերը Հայոց,
Ավերեց Աստծո տուն Երիզան,
Ու քեզ շղթայած տարավ Եգիպտոս՝
Իր հոմանուհուն նվեր…
Սինլքոր, խաբեբա Անտոնիոսն այդ,
Որ չէր հաղթել քեզ մարտում՝
Խաբել-կալանել-շղթայել էր քեզ,
Խաբեց և աշխարհին
Ու քեզ ընտանյոք՝ ոսկե շղթաներով,
Տարավ իր հաղթահանդեսին…
Բայց և՛ դու, և՛ ընտանիքը քո
Գլուխ չխոնարհեց հոմանուհուն նրա
Եվ կյանք չաղաչեց նրանից…
Գերի եղար, բայց ոչ ստրուկ,
Հպարտ ու հզոր ապրեցիր գերյալ,
Գիտենալով, որ Արտաշես որդիդ
Լուծել է որդիական վրեժը
Եվ դուրս արել երկրից ոտքը հոռոմի,
Ու հպարտ գնացիր կառափնարան…
Հպարտ, արծվենի, թագակիր
Տիրակալ էիր, Արտավազդ արքա,
Քեզ հիշում են այլոք,
Քեզ հիշում են մերոնք,
Եվ եթե չդառնայիր դավի զոհ
Պատմության մեջ լինելու էիր
Արևելքի հզորագույն արքա,
Հորդ՝ Տիգրան Մեծից հետո…
Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/12/blog-post_7.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել