Asparez.am-ը գրում է.
Հարցազրույց ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հետ
-Պարոն Ադամյան, օրերս Գյումրում էիք՝ երկրաշարժի 25-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի նկարահանման աշխատանքներով: Կմանրամասնեք ինչ ֆիլմ է, որտեղ էին նկարահանումներն ընթանում:
-Քանի որ ֆիլմը պատրաստ չէ եւ ես լիազորված չեմ շատ տեղեկություններ տալ, հակիրճ կասեմ: Իհարկե, նվիրված է երկրաշարժի 25-ամյակին, նվիրված է այն վերապրմանը, այն արհավիրքին, որին դիմացան գյումրեցիները եւ կարողացան նորից հառնել: Նկարահանումները ընթացան Հին Աղին գյուղում՝ սահմանի վրա: Հիմնական սյուժեն այն է, թե աշխարհից կտրված, արհավիրքի դեմ մենակ մնացած մարդը ինչպես է ջանում այդ ամենից դուրս գալ:
-Ե՞րբ պատրաստ կլինի ֆիլմը:
-Կարծում եմ՝ եկող տարվա մեջ, բայց թե կոնկրետ երբ, մի քիչ դժվարանում եմ ասել:
-Դեկտեմբերի 7-ը այսօր Գյումրիում ընկալվում է ոչ միայն աղետի օր, այլեւ ամոթի օր: Շատերի մոտ է, համենայնդեպս, այդ տպավորությունը, որովհետեւ երկրաշարժից 25 տարի անց քաղաքում կան բազմաթիվ անօթեւաններ, կիսախարխուլ տնակներ, կիսաքանդ շենքեր: Մի՞թե կառավարությունը չէր կարող այս տարիների ընթացում դրանք վերացնել ու գյումրեցուն արժանապատիվ կյանքով ապահովել:
-Ճիշտն ասած՝ ես ինքս զարհուրելի պահեր եմ ապրում, երբ այդքան տարիներ անց գալիս եմ Գյումրի, տեսնում եմ արհավիրքից մնացած քարուքանդ քաղաքը, ու ինձ մոտ էլ են շատ հարցեր առաջանում, թե ինչ անտարբերություն է սա: Դրան գումարած՝ նաեւ տեսնում եմ, որ, ցավոք սրտի, հին Գյումրին փոխակերպվում է աչքիս առաջ, ոնց են աղավաղվում այն հրաշալի Գյումրու հրաշալի շինությունները: Սա էլ երկրորդ հարվածն է քաղաքին, իսկ մարդիկ մինչեւ այսօր ապրում են այնպես, ասես նոր է եղել երկրաշարժը: Սա պարզապես զայրույթ է առաջացնում եւ խոսում այն մասին, որ կառավարությունը կամ թքած ունի այդ ամենի վրա, կամ անկարող է անել: Պարզապես անկարող է, որովհետեւ նա, ով կարող է, 25 տարվա մեջ այնպես կաներ, որ այդ մարդիկ մարդավայել պայմաններում ապրեին:
-Անկարող լինելու առումով թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ, որովհետեւ վերջին իրողությունները այլ բան են ասում: Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ արագությամբ ասֆալտապատեցին քաղաքի այն հատվածները, որոնցով ՌԴ նախագահն էր անցելու, շատ շտապ հարդարեցին թատրոնի շենքը, հսկայական գումարներ ծախսեցին եւ այլն…
-Հասկանում եմ՝ ինչ եք ասում, դա եւս ինձ մոտ ջղայնություն առաջացրեց, ասեմ ինչու՞: Եթե քաղաքն ասֆալտապատվում է ոչ գյումրեցու համար, հեչ հետաքրքիր չէ՝ Պուտինը ման կգա՞ Գյումրու թարմ ասֆալտի վրայով, թե՝ չէ: Այս երկիրը ես Պուտինի համար չեմ կառուցում, եւ այս երկրում ես Պուտինի համար չեմ ապրում:
-Ստացվում է՝ եթե մտքներին տեղ լինի, լավ էլ կարող են վերականգնել ու վերանորոգել, պարզապես ցանկություն չունեն:
-Ցանկություն չունենալու հետ այնքան էլ պետք չէ կապել: Միակ բանը, որ ակնհայտ է, սեփական գրպանները լցնելու ցանկությունն է, իսկ դա, ներողություն, ժողովրդահաճո բան չէ, դա սարսափելի է:
-Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞րն էր Վ.Պուտինի այցի նպատակը, կառավարությանն ուղղված մեսիջները:
-Վախեցնել, մատը թափ տալ, թե գիտեք ինչ՝ դուք առանց մեզ ոչինչ եք: Նրա այցի ամբողջ բովանդակությունը հենց դա էր: Նա Հայաստան չէր եկել, այլ եկել էր իր սեփական բազան: Իսկ այս իշխանությունը, որին ես չեմ ընտրել, վազելով գնում է այնտեղ, որտեղ ցույց են տալիս: Սա շատ ամոթ է, կարելի է ընդամենը ամաչել… տեսնում ես, կարմրում ես, կապտում ես, ու դու նրանց փոխարեն ամաչում ես:
-Իշխանությունների կեցվածքը Վ.Պուտնի այցելության օրը ու նաեւ ֆորումի ընթացքում ինչպե՞ս կգնահատեք:
-Տպավարություն էր, թե ոնց որ վախենում էին ծպտուն հանել, մի խոսք ասել, վախենում էին ինքնուրույնության որեւէ նշույլ դրսեւորել, ամեն ինչ լցված էր վախի ու ստրկամտության մթնոլորտով:
-Իսկ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս մասնաբաժինը Ռուսաստանին հանձնելով ի՞նչ էր ուզում մեր կառավարությունն ասել՝ մենք քիչ-քիչ հանձնվո՞ւմ ենք…
-Դա նշանակում է, որ Հայաստանը գազ չունի, սա նշանակում է, որ Ռուսաստանը իր «տրուբաները» կարող է քաշել մեր երկրի ցանկացած տարածքով, կարող է փրթել մեր անտառները, տաշել մեր սարերը ու մեզ վրա գազ վաճառել: Ես չեմ էլ սպասում, որ գազի գին նվազի: Դա պարզապես ծիծաղելի է: Լուրջ մարդը նման հարցերի շուրջ այլ ձեւով կմտածեր՝ ես եմ իմ երկրում գազ քաշում, ես եմ տնօրինում այդ գազը, որոշում՝ ուր կգնա, ինչ կանի: Պիտի պարտադիր ուրիշին հանձնեմ, որպեսզի եկամուտ ունենա՞մ: Սա ինչ ծիծաղելի բան է:
-Պարզապես արդեն սովոր ենք ուրիշի ձեռքին նայել:
-Սովոր չենք, սովորեցնում են ոմանք, իսկ հիմա ամեն ինչ տանում է դրան: Այսինքն՝ դու ոչինչ ես, քեզ ինչ կասեն, այնպես էլ արա, ինչը շատ ամոթ է…երկիր տնօրինելու, ժողովրդի երջանկությունը երկրում կառուցելու մտադրությունը պրակտիկորեն չկա, մենք չենք տեսնում:
-Մաքսային միություն, Ասոցացման համաձայնագիր երկընտրանքում մեր իշխանությունը գնաց առաջինի ուղիով: Դրա հետեւանքն ինչպիսի՞ն կլինի մեր երկրի համար:
-Մեր երկիրը պարաստ չէ ոչ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուն, ոչ էլ Ռուսաստան գնալուն: Ես չեմ ուզում փնովել ոչ մեկը, ոչ մյուսը, բայց նման պայմաններում երկիրը պարաստ չէ գնալ ոչ այնտեղ, ոչ էլ այնտեղ, որովհետեւ ինքը իրենից տնտեսապես, սոցիալապես զարգացող միավոր չէ: Այսինքն՝ դու մինչեւ քո տունը չկարգավորես, տոտիկ-տոտիկ տնտեսությունդ չվերականգնես, ժողովրդիդ սոցիալական վիճակը չբարելավես, դնես այն հարթության վրա, որ ի զորու կլինի որակ ձեռք բերել, ոչ մի տեղ էլ պատրաստ չես լինի մտնել: Նախ մտածի՝ ո՞նց ես կարգի բերում երկիրդ, որովհետեւ ուր էլ մտնես, միեւնույն է, լծակները լինելու են գող ու ավազակների ձեռքին:
-Ուկրաինայում բողոքի ցույցեր են, ժողովուրդը ընդվզում է: Մեզ մոտ ժողովուրդը լռում է: Այսինքն՝ մերոնք համակերպվում են այն ամենի հետ, ինչ իշխանություննե՞րն են մատուցում:
-Եթե Ուկրաինայում ընդվզում են, նշանակում է ժողովուրդն այնտեղ դեռ չի հանձնվել, ապավինում է իր ուժերին, դեռեւս հավատում է, որ իրեն վերապահված է տնօրինել սեփական երկիրը: Եթե այստեղ շատերը իրենք իրենցից ձեռք են քաշել, դա միայն ու միայն մեր մեղքն է: Շատ-շատերը ուզում են փախնել այս երկիրց կամ էլ հաշտվում են, որ իրենք ստրուկ են, որ իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Սա շատ տխուր բան է:
-Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակներից:
-Իշխանափոխություն: Որովհետեւ այսքան ժամանակվա ընթացքում ու մինչեւ հիմա իշխանության ղեկը իրենց ձեռքին պահողները ապացուցել են, որ իրենք ապաշնորհ տնտեսվարողներ են, որ իրենք չեն մտածոմ այս երկրի մասին, որ իրենք չեն էլ կարող մտածել այս երկրի մասին, որ իրենք ի զորու չեն, այդ գիտելիքը չունեն: Պարզապես ստացվել է այդպես, վրա են ընկել ու ուտում են…թե տղա ես, դիմացի:
-Իսկ իշխանափոխության դեպքում այլընտրանք ունե՞նք, ընդդիմություն ունե՞նք, որին վստահի ժողովուրդը:
-Ժողովուրդը իմաստուն է, իհարկե, ունի այլընտրանք: Այդ ո՞վ է ասել, որ ժողովրդի արգանդը այլեւս չորացել է, եւ ինքը չի ծնում շնորհալի մարդիկ: Պարզապես պետք է օրենքը հարգել, այն պետք է բոլորից բարձր լինի՝ ով ուզում ես եղիր, օրենքը քո գլխին պետք է լինի, այլ ոչ թե մահակ՝ մյուսներին զսպելու համար:
-Բայց տարօրինակ չէ՞, արդյոք, ընդդիմության պահվածքը, ինչո՞ւ չեն միավորում:
-Ժողովրդի ոչ միասնականությունն է պատճառը, որ ընդդիմությունը չի միավորվում, հավատացեք, այդպես է: Եթե ժողովուրդը միավորված գիտակցություն դրսեւորի, հավատացեք, ընդդիմությունը կմիավորվի, իսկ այսպես փրթիկ-փրթիկ եղած՝ մեկը ծառի համար է պայքարում, մյուսը՝ քարի, էն մյուսը՝ տան, իսկ գերխնդիրը մնում է առկախ: Եթե ժողովուրդը կամք դրսեւորի, պահանջի իր միասնականությամբ, միավորվի ոչ թե տանը նստած, այլ պարտադրվելով, ընդդիմությունն էլ կմիավորվի:
-Վերջին նախագահական ընտրություններից հետո ժողովուրդը միավորվել էր, սակայն հիասթափությունը մեծ էր, որովհետեւ առաջնորդը կտրուկ քայլերի չգնաց, իսկ Ազատության հրապարակ եկած հսկա բազմությունը հուսախաբ եղավ:
-Ես կարծում եմ, որ միավորված ասելը շատ հարաբերական է, որովհետեւ ընտրությունների արդյունքով մեր երկրում առայժմ կարելի է միայն պատրանքներ ունենալ իշխանափոխության մասին: Այն, որ ընտրությունները կեղծվել են, կասկած չկա, ես որ չեմ կասկածում: Կարծում եմ, որ ընտրությունները, այնուամենայնիվ, չէին դրսեւորել մեր ժողովրդի միասնական կամքը, մի հատվածինը գուցե, բայց ոչ բոլորինը, եւ դա արդեն մեզ համար լավ չէ:
Զրուցեց՝ Մարինե Պետրոսյանը