Նոր սկանդալ սպորտի ոլորտումSlaq.am-ը գրում է.

Հայկական սպորտի ոլորտում հատկապես վերջին շրջանում իրավիճակը գնալով լարվում է:

Պատճառը սպորտի տարբեր ոլորտների ղեկավարների միջև եղած հակասությունն է:

Ինչպես Slaq.am-ն արդեն տեղեկացրել էր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է տեղադրել «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանը, ինչը կարող է դուր չգալ ոչ միայն Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, այլ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

«Արարատ» 73-ի հաղթանակների 40-րդ հոբելյանական միջոցառման ժամանակ Յուրի Վարդանյանը ցանկություն էր հայտնել «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ նրանց նվիրված արձան տեղադրել, սակայն ֆուտբոլիստների հայաստանյան այցի ժամանակ նրանց ընդունելության արժանացրած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջ է անցել նախարարից եւ գործնական քայլերի է դիմել: Արդեն իսկ հուշարձանի կառուցման համար մրցույթ է հայտարարված:

Ի դեպ, ՀՖՖ-ն Slaq.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել էր, որ «ֆուտբոլիստները իրենց չեն դիմել՝ հավանաբար գիտակցելով, որ իրենք զբաղվում են ֆուտբոլային խնդիրներով, ոչ թե հուշարձանաշինությամբ, ՀՖՖ-ի կանոնադրական գործառույթների մեջ քաղաքաշինական կամ ճարտարապետական պարտավորություններ սահմանված չեն»:

Մյուս կոնֆլիկտի պատճառը Հրանտ Շահինյանի արձանի տեղադրման հարցն է: Բանն այն է, որ նրա հուշարձանի կառուցումը ևս Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ է, սակայն թեպետ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է այն տեղադրել Շահինյանի անվան մարզադպրոցի տարածքում, բայց անորոշություններ կան Սպորտի և երիտասարդւության հարցերի նախարարության պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել