Panorama.am-ը գրում է.
Բնապահպանության նախարարությունում այսօր անցկացրած խորհրդակցության ժամանակ նախարարության աշխատակիցները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը հաջորդած զարգացումներով, ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներով, օրերս ավարտված՝ Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքի շնորհիվ նախատեսվող դեպի Արցախ նոր ճանապարհի կառուցման հեռանկարով, ինչպես նաև սոցիալական հարցերով:
Պատասխանելով Մաքսային միության և հայ-ռուսական հարաբերությունների խոստումնալից հեռանկարի վերաբերյալ հարցին, երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, Նախագահն ընդգծել է, որ կիսում է հարցադրումն անողի լավատեսությունը:
«Ե՛վ հայ-ռուսական հարաբերություններում, և՛ Մաքսային միության հետ կապված՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր, տեսնում եմ լավ հնարավորությունների առկայություն: Իհարկե, Մաքսային միության մասով դեռևս կխոսեմ և հանգամանորեն կանդրադառնամ ապագայում, որովհետև մինչ բանակցությունների ավարտը ես նպատակահարմար չեմ համարում բոլոր առավելությունների և հնարավորությունների մասին խոսել: Կավարտենք բանակցությունները՝ այդ ժամանակ, իրոք, շատ մանրամասն կխոսենք ընձեռնված հնարավորությունների մասին: Ակնհայտ է, որ իմ այս խոսքերը մեր հասարակության տարբեր շերտեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել և նորից ասել՝ գաղտնի բանակցություններ են վարում: Այնուհետև գալու են ասեն՝ այդ դեպքում մեր կարծիքը ի՞նչ նշանակություն ունի և այլն: Մի անգամ էլ պետք է ասեմ, որ աշխարհում չկա որևէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ:
Կոնկրետ պարագաներում, մեր բանակցությունների արդյունքները մենք ներկայացնելու ենք Ազգային ժողով, և այդ պայմանագրերը պետք է վավերացվեն կամ հաստատվեն խորհրդարանի կողմից: Եվ փառք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ ներկայացնում է մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ