Ինչպես հայտնում է «The New York Times» պարբերականը, գիտնականները գտել են երբևէ հայտնաբերված ամենահին մարդկային ԴՆԹ-ն, որը կարող է պարզաբանել մարդկանց ծագման առեղծվածը: Սակայն մարդկային էվոլոյուցիան բացահայտելու փոխարեն հայտնագործությունը ավելի է մեծացրել առեղծվածը:
Այս շաբաթ` չորեքշաբթի օրը, «Nature» ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերված բրածոյից վերականգնել են 400.000 տարվա հնություն ունեցող մարդկային ԴՆԹ: Հիշեցնենք, որ մինչ այս երբևէ հայտնաբերված ամենահին մարդկային ԴՆԹ-ն 100.000 տարվա հնություն ուներ:
Հայտնաբերված բրածոն ազդրի ոսկոր է, որը հայտնաբերվել է Իսպանիայում: Գիտնականները սկզբում կարծել են, թե ԴՆԹ-ն պատկանոււմ է նեանդերթալյան մարդու, սակայն ԴՆԹ հետազոտությունն լրիվ այլ բան է ցույց տալիս: ԴՆԹ-ն շատ ավելի մոտ է պալեոլիթյան կամ հին քարեդարյա դենիսովյան մարդու ԴՆԹ-ի: Վերջին անգամ այսպիսի ԴՆԹ հայտնաբերվել է Սիբիրի տարածքում, որն ուներ 80.000 տարվա հնություն: Նոր ԴՆԹ-ն հայտնաբերվել է այս տարածքից 6500 կմ դեպի արևելք:
Այս երկու ԴՆԹ-ների միջև անատոմիական ու գենետիկ տարբերությունը ցնցել է գիտնականներին, ովքեր մարդկանց էվոլյուցայի ժամանակագրությունն այժմ պետք է ամբողջովին վերանայեն:
Հնարավոր է, օրինակ, որ գոյություն ունեն մարդկային ցեղի տարբեր անհետացած տեսակներ, որոնք դեռևս չեն հայտնաբերվել գիտնականների կողմից: Հնարավոր է, որ դրանք խաչասերվել են միմյանց հետ, որի արդյունքում ԴՆԹ-ի մեջ փոփոխություններ են առաջացել: Գիտնականները հույս ունեն, որ մարդկային այս հինավուրց ԴՆԹ-ի ավելի խորը ուսումնասիրությունների արդյունքում առեղծվածը կպարզաբանվի:
Մեթիաս Մեյերը` Գերմանիայի Լեյպցիգի Մաքս Փլանք էվոլյուցիայի ու մարդաբանության ինստիտուտի գենետիկայի պրոֆեսորը, նշել է, որ այժմ նրանք դեռևս աշխատում են այս հարցը պարզաբանելու համար:
400.000 տարվա հնություն ունեցող ազդրի ԴՆԹ-ն հայտնաբերվել է Իսպանիայի Սիմա դե լոս Հուեսոս քարանձավում: Գիտնականների թիմը նոր մեթոդներ է օգտագործել բրածոյից ԴՆԹ-ն առանձնացնելու համար: Մադրիդի համալսարանի պալեոլիթյան մարդաբանության պրոֆեսոր Խուան Լուիս Առսուադան նշել է, որ մեկ տարի առաջ դա հնարավոր չէր լինի:
Հարվարդի բժշկության դպրոցի գենետիկայի պրոֆեսոր Դեյվիդ Րիչը, ով ներգրավված չի եղել հետազոտության մեջ, նշել է, որ այս հայտնագործությունը կարող է շատ բան փոխել:
1970-ականներից ի վեր` իսպանացի գիտնականները այս քարանձավում հազարավոր տարիների հնություն ունեցող բրածոներ են գտել: Պրոֆեսոր Արսուագան, ով երեք տասնամյակ անցկացրած իր պեղումների ու հետազոտությունների արդյունքում այս վայրում գրեթե ամբողջական 28 կմախք է գտել, նշել է, որ այս վայրն իսկապես հատուկ է:
Գտնված բրածոների անատոմիական առանձնահատկությունների հիման վրա պրոֆեսոր Արսուագան նշել է, որ դրանք պատկանել են նեանդերթալյան մարդու նախահայրերին, որոնք ապրել են Ասիայի ու Եվրոպայի տարածքում` 200.000- 300.000 տարի առաջ: Երբ պրոֆեսոր Մեյերը ու նրա գործընկերները ուսումնասիրեցին բրածո ազդրոսկրը, նրանք մարդու հինավուրց ԴՆԹ հայտնաբերեցին, ինչպես որ հույս ունեին:
Պրոֆեսոր Մեյերն ասել է. «Մենք սպասում էինք, որ դա կլիներ վաղ ժամանակների նեանդերթալացու բրածո, սակայն ԴՆԹ-ն չի համապատասխանել նեանդերթալյան մարդու ԴՆԹ-ի ու փոխարենը այն համապատասխանել է 2010թ.-ին Սիբիրում հայտաբերված և մեզ ցնցած քարեդարյան դենիսովյան մարդու բրածոյի: Սկզբում շատերը չէին կարողանում հավատալ իրենց աչքերին, ու համոզվելու համար մենք սկսեցինք այն ավելի բազմակողմանիորեն ուսումնասիրել: Հավելյալ ուսումնասիրությունները հաստատեցին, որ ԴՆԹ-ն իսկապես պատկանում է հոմոսափիենս տեսակի դենիսովյան մարդու»:
Այս նոր հայտնագործությունը դժվար է տեղավորել մինչ այս ունեցած մարդու էվոլյուցիայի սահմանման մեջ, որը կազմվել էր մինչ այդ հայտնաբերված բրածոների ուսումնասիրությունների հիման վրա: Նախկինում գիտնականները կարծում էին, թե դենիսովյան մարդիկ ապրել են միայն արևելյան Ասիայի տարածքում ու ամենևին էլ նեանդերթալյան մարդկանց կերպարանք չունեին:
Նախկինում գտնված ամենահին ԴՆԹ-ի ու բրածոյի հիման վրա գիտնականները համաձայնության էին եկել այն խնդրի շուրջ, որ ժամանակակից մարդկանց ու նեանդերթալյան ու դենիսովյան մարդկանց նախնիները նույն են եղել, ովքեր դուրս են եկել Աֆրիկայից ու տարածվել ամբողջ Եվրոպայով, իսկ դենիսովյան մարդիկ շարժվել են արևելք:
Մարդկանց նախնիները այդ ժամանակ մնացել են Աֆրիկայում, որից էլ 200.000 տարի առաջ ծնունդ է առել հոմոսափիենսը: Դրանից հետո մոտ 60.000 տարի առաջ մարդիկ Աֆրիկայից տարածվել են Ասիա և Եվրոպա: Ավելի ուշ նրանք ոչ միայն նեանդերթալյան, այլև դենիսովյան մարդկանց հետ են խաչասերվել: Իսկ հետո թե՛ դենիսովյան, թե՛ նեանդերթալյան մարդիկ ոչնչացման եզրին են կանգնել:
«Այժմ մենք պետք է ամբողջ այս պատմությունը վերանայենք»,-ասել է պրոֆեսոր Արսուագան:
Արսուագան կասկածում է, որ դենիսովյան մարդիկ կարող էին այդպես տարածվել աշխարհով մեկ Իսպանիայից մինչև Սիբիր` կերպարանափոխված նեանդերթալացիների պես:
Հնարավոր է նաև, որ նոր հայտնաբերված ԴՆԹ-ն անցել է թե՛ նեանդերթալյան ու թե՛ դենիսովյան մարդկանց ու, ի վերջո, անհետացել` նեանդերթալացիներից փոխակերպվելով այլ տեսակների:
Սանտա Կրուզի Կալիֆորնիայի համալսարանի հին ԴՆԹ-ների ուսումնասիրության մասնագետ Բեթ Շապիրոն նույնիսկ ավելի ռադիկալ տարբերակի կողմնակից է: Ըստ նրա` Սիմա դել լոս Հուեսոսի մարդիկ պատկանել են հոմոսափիենսի այլ տեսակի: Հնարավոր է, որ նրանք հոմոէրեկտուս տեսակին են պատկանել, որն առաջացել է 1.8 միլիոն տարի առաջ, ու մի քանի հարյուր տարիների ընթացքում ոչնչացման եզրին կանգնել:
«Որքան ավելի շատ ենք ուսումնասիրում ու ավելին իմանում ԴՆԹ-ի մասին, այնքան ավելի շատ առեղծվածներ են ի հայտ գալիս»,- այս մասին նշել է պրոֆեսոր Շապիրոն:
Այս ամբողջ բարդ պատմությունն ի հայտ է եկել միայն վերջին 20 տարիններին, երբ հայտնաբերվել են հին ժամանականներից պահպանված ԴՆԹ-ները: Երբ օրգանիզմը մահանում է, ԴՆԹ-ն բաժանվում է ավելի ու ավելի փոքր մասնիկների ու միաժամանակ միաձուլվում այլ նյութերի ԴՆԹ-ների հետ, ինչպես օրինակ հողի բակտերիաների ԴՆԹ-ն: Այնպես որ, մասնատված ԴՆԹ-ն վերականգնելը գլուխկոտրուկի մասնիկները հավաքելու նման մի բան է:
1997թ.-ին Մաքս Պլանկի ինստիտուտի պրոֆեսոր Սվանտե Պաբլոն, ով իր գործընկերների հետ ԴՆԹ-ների մասնիկները վերականգնելու տեխնիկան օգտագործողներից առաջինն էր, նեանդերթալյան մարդու բրածոյից գտնված ԴՆԹ-ի մասնիկ հրապարակեց, որը 40.000 տարվա հնություն ուներ: Հետագայում այս հաջողությանը հաջորդեց արդեն շատ գիտնականների կողմից հայտնաբերված նեանդերթալացի մարդկանց բրածոների ԴՆԹ-ների ուսումնասիրությունը:
2006թ.-ին ֆրանսիացի ու բելգիացի հետազոտողների մի խումբ նեանդերթալյան մարդու ԴՆԹ հայտնաբերեց, որը 100.000 տարվա հնություն ուներ և, որը մինչև վերջերս, համարվում էր երբևէ գտնված մարդկային ամենահին ԴՆԹ-ն:
2010թ.-ին պրոֆեսոր Պաաբոն, Մեյերը ու նրանց գործընկերները միասին աշխատելով` կարողացան վերականգնել նեանդերթալյան մարդու ամբողջական գենոմը:
Այդ հայտնագործությունը լույս սփռեց, թե ինչպես են նեադերթալյան մարդն ու հոմոսափիենսը առաջացել մեկ ընդհանուր նախահորից: Դա նաև բացահայտում է, որ նեանդերթալացիներն ու մարդիկ մոտ 50.000 տարի առաջ խաչասերվել են:
Մոտավորապես հայտնագործության նույն ժամանակահատվածում Մաքս Պլանկի թիմը իր ռուս գործընկերներից 80.000 տարվա հնություն ունեցող բրածո ստացավ, որը նրանք գտել էին Սիբիրի Դենիսովա կոչվող քարանձավում: Երբ գերմանացի գիտնականները բրածո աղջկա մատի ոսկորից կարողացան առանձնացնել ամբողջական գենոմը, պարզվեց, որ գտածոն ո՛չ հոմոսափիենս էր, ո՛չ էլ նեանդերթալյան մարդ, այլ բոլորովին այլ տեսակի էր պատկանում, որն էլ պրոֆեսոր Պաաբոն ու գործընկերներն անվանեցին դենիսովյան:
Պրոֆեսոր Մեյերն ու նրա գործընկերնեււը հույս են հայտնել, որ կկարողանան առեղծվածի պատասխանը գտնելու համար ավելին պարզել` Իսպանիայում հայտնաբերված բրածոյի ԴՆԹ-ի ուսումնասիրությունների արդյունքում: Մեյերն ասել է, որ դեռևս դժվար է որևէ ենթադրություն անել ու, որ այժմ, գիտնականները դեռևս պատասխաններ չունեն այս առեղծվածի վերաբերյալ: