Ռուսաստանում գործում է մի նախաձեռնություն, որը հնարավորություն է տալիս երկրի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ որոշումների ընդունման գործընթացին: Այն էլեկտրոնային պորտալ է, որը հանրային հետաքրքրություն ներկայացնող տարբեր խնդիրների առնչությամբ կազմակերպում է էլեկտրոնային պետիցիաներ (էլեկտրոնային հանրաքվե, քվեարկություն): Եթե որևէ հարցի առնչությամբ հավաքվում է 100.000 ստորագրություն, ապա իշխանությունները պարտավորվում են կոնկրետ օրինագծերի և որոշումների վերանայման խնդրով կոնկրետ քայլեր ձեռնարկել: Հատկանշական է, որ սույն նախաձեռնության շրջանակներում արդեն մի շարք հաջողված նախադեպեր կան:
Այս էլեկտրոնային ժողովրդավարության ժանրի «նոու-հաուն» կարող էր կիրառվել նաև մեր քաղաքական մշակույթի մեջ: Հիմա պատկերացնենք, որ կոնկրետ ժամանակահատվածում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցի վերաբերյալ անցկացվում է էլեկտրոնային պետիցիա, որի արդյունքներով պարզվում է, որ 10.000 մարդ (ընդունենք, որ այս թիվը հենց այն շեմն է, որը «հարկադրում է» որոշումներ կայացնողներին չանտեսել պահանջը) դեմ է արտահայտվել այս համակարգին:
Էլեկտրոնային պետիցիայի առավելությունները բազմաթիվ են: Մասնավորապես այն հնարավորություն է տալիս կոնկրետ խնդրի վերաբերյալ իրական պատկեր ստանալ և ոչ թե առաջնորդվել բացառապես բողոքի ակցիաներին մասնակիցների թվով կամ նրանց պահանջների ներկայացման ձևի և բովանդակության առանձնահատկություններով: Տվյալ դեպքում քաղաքական ուժերը չեն փորձի այս կարգի նախաձեռնությունները «յուրացնել» և քաղաքական միավորներ վաստակել: Մարդիկ իրենց ռեսուրսներն առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն կստանան և կարիք չեն ունենա կտրվել գործից ու մասնակցել տարաբնույթ բողոքի ակցիաներին և այլն: Ասվածից ամենևին չի հետևում, որ էլեկտրոնային պետիացիան կարող է փոխարինել քաղաքական պայքարի ավանդական ձևերին:
Ուշ թե շուտ, էլեկտրոնային պետիցիայի մեխանիզմը, ըստ ամենայնի, կներդրվի նաև մեր երկրում: Այն իշխանություն-հասարակություն, քաղաքական էլիտա-կոնտրէլիտա հարաբերությունները որակապես նոր հարթություն է կտեղափոխի: Բայց ներկայում հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ուղղակի պետք է սպասել…
Հ. Գ. Այդ հանգամանքներից մեկը մեր «ինտերնետ հանրության» առկա վիճակն է, որը դեռ փոքր է, մեծամասամբ` լուրջ խնդիրներից կտրված, իներտ, նեղ խմբակային, գուցե, նաև քաղաքական շահերով առաջնորդվող: