1in.am-ը գրում է.

«Հունիսին՝ Իրանի նախագահական ընտրություններից հետո, նորընտիր նախագահը որդեգրեց նոր դիրքորոշում, որը տարբերվում էր նախորդ նախագահների դիրքորոշումից: Դրանք թափանցիկ կերպով բոլորի համար ներկայացրել ենք: Պարզ է, որ մինչև ընտրվելը Իրանի և արևմտյան երկրների միջև լարվածություն կար, իսկ նախագահը համարեց, որ պետք է եվրոպակա և արևմտյան երկրների հետ լարվածությունը նվազեցվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: 

Նա նշեց, որ իրենք դեմ են միջուկային զենքի արտադրությանը քաղաքական և ռազմավարական տեսանկյունից: Դեսպանի հավաստմամբ` միջուկային զենքը որևէ երկրի անվտանգությունը չի կարող ապահովել. «Այս բոլորի հիման վրա էլ Ժնևում տեղի ունեցան բանակցություններ, և որոշակի պայմանավորվածության եկան. այդ համաձայնությունները կոչվել են համատեղ քայլեր: Հիմնական նպատակը վստահության ստեղծումն է, ինչպես նաև խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի զարգացման Իրանի իրավունքի ճանաչումը»: 

Դեսպանի հավաստմամբ՝ Իրանի ժողովուրդն ընդհանուր առմամբ արևմտյան պետություններին չի վստահում, քանի որ զգացվում են Արևմուտքի երկակի ստանդարտները: Իրանի ժողովուրդը կարծում է, որ պատժամիջոցների պատասխանատուն արևմտյան երկրներ են, իսկ, ինչպես հայտնի է, այդ պատժամիջոցները հենց անմիջապես ժողովրդի վրա են ազդում:

Դեսպանն անդրադարձավ նաև Մաքսային միությանը Իրանի հնարավոր մասնակցությանը և ասաց. «Մաքսային միության վերաբերյալ ամբողոջովին ներկայացված չեն ծրագրերը, մենք չգիտենք, թե դա իրենից ինչ է ներկայացնում: Երբ մենք կունենանք տեղեկություններ՝ կանոնադրությունների և կանոնների մասին, կուսումնասիրենք:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ իրենք Հայաստանի հետ ունեն շատ լավ հարաբերություններ. «Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ հանդիպում է եղել նախկին նախարարի հետ և քննարկվել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագիրը, և մենք տարիներ առաջ ձեռք բերած համաձայնագրին հավատարիմ ենք, գների մեջ փոփոխություններ են եղել, բայց մենք հավատարիմ ենք մնում այն համաձայնագրին, որ ձեռք է բերվել: 

Դեսպանը հավելեց, որ գումարով Հայաստանին գազ մատակարարելու մասին առայժմ խոսք չկա. «Մենք բարեկամ երկրների հետ այլ կերպ ենք վարվում, իսկ ընդհանրապես միջազգային գներով ենք առաջնորդվում»,- բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ ասաց նա: 

Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտ լինի, որ Իրանն ապահովի Հայաստանի գազի սպառման ծավալները, ուրեմն անհրաժեշտ կլինի ստեղծել ենթակառուցվածք. «Պետք է նախ հստակեցնել, թե ռուսական գազի գինն ինչքան է, իրանականն՝ ինչքան, հետո պարզ կդառնա՝ կարո՞ղ ենք մրցակցել, թե՞ ոչ: Պետք է բանակցել, քննարկել, բայց մի բան հստակ է՝ մի երկրին գազը կարող է մատակարարվել մի գնով, մյուսին` այլ:

Իրանը Թուրքիային և այլ երկրների գազը վաճառում է գործող միջազգային գներով, իսկ բարեկամ երկրներին՝ այլ գներով: Պարզ չէ՝ հիմա ո՞րն է ավելի թանկ, գործարքը կնքելու պահին կերևա»:

Իսրայելի պաշտոնական արձագանքին, թե Իրանը ցանկանում է սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, դեսպանն ասաց. «Իսրայելը քսան տարի է՝ Իրանի մասին ստեր է խոսում, Իսրայելի գոյությունը հիմնված է լարվածության ստեղծման վրա: Մենք կարևորում և հարգում ենք երկու երկրներն էլ, մեզ համար լավ կլինի, որ Հայաստանը ուժեղ երկիր լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել