Սիրեցի քեզ, որովհետև զգացնել էիր տալիս, թե ինձ ես սիրում և  այդ զգացումով քեզ եմ սիրում ես մինչև հիմա: Դու երբեք էլ չասացիր այն, ինչ պետք է ասեիր, չասացիր, քանզի մի քիչ վախկոտ էիր, մի քիչ ալարկոտ, գուցե բնավ էլ պետք չէր, որ ասեիր, քանզի զգում էիր, որ քեզ եմ սիրում:
 Այնժամ ինքս ինձ համոզում էի, որ այն աչքերը, որոնք շարունակ անկուշտի նման կուլ էին տալիս իմ հայացքը,  լուռ վկաներն էին քո թաքուն սիրո: Համոզում էի ինձ ու շատ անգամ էլ վստահում էի քեզ, երբ ամեն անգամ անունս տալուց ժպտում էիր այնպես, կարծես ուզում էիր, կարծես մուրում էիր մի քիչ էլ ժպիտ իմ խոժոռ դեմքից:
  Հիմա էլ, երբ հեռու ես ինձնից, ես մխիթարվում եմ քեզնից ինձ թողած այն կարծրատիպով, քեզնից ժառանգած այն համոզմունքով,  որով  շարունակ ինձ համոզելով՝  հավաստիացնում եմ, թե մինչև հիմա ինձ չես մոռացել: Ինձ համոզում եմ այն երազներով, որտեղ միշտ դու կաս, միշտ ժպտում ես ինձ, ինձ համոզում եմ այն ասածվացքով կամ այն դարձվածքով, թե եթե տեսնում եմ քեզ իմ երազում, ապա  իմ կարիքն ունես ու ինձ ես սպասում:
  Բայց  ինքս ինձնից ես թաքցնում եմ, գաղտնի եմ պահում այն, ինչ  հասկանում եմ ու չեմ ուզում, որ ես իմանամ: Չեմ ուզում, որ ես ինձնից նեղանամ, ինձնից վշտանամ ու ինքս ինձ ես գիժ համարեմ, չեմ ուզում, որ ինքս իմ առաջ մեղավոր դառնամ ու մեղադրեմ ինձ այն բանի համար, որ ենթարկվում եմ ոչ թե ուղեղիս, այլ միայն սրտիս: Ենթարկվում եմ այն սրտին, որ մեջս եմ կրում, իմ իսկ թոքերով արյուն եմ տալիս, իսկ նա միշտ իմ վատն է ցանկանում, ինձ միշտ տանջում՝ հանգիստ չի տալիս: Ես հասկանում եմ, պարզ գիտակցում եմ, որ ես խելառ եմ, իսկ դու շատ խելոք, որ ես հիմար եմ, իսկ դու խաբեբա, որ չես սիրել դու ինձ երբևէ, այլ ժպտացել ես հավեսի համար: Գիտեմ, բայց շարունակ պահում եմ ծածուկ այն գիտելիքը, որ դու հասարակ ռեհան ես միայն:
Պատմվածքը հիմնված է Գրիգոր Զոհրապի «Ռեհան»-ը նովելի հիման վրա

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել