Շնորհակալ եմ քեզ,
Շնորհակալ եմ, որ եղել ես
Ու չկաս հիմա:
Շնորհակալ եմ, որ չես խնայել ինձ համար ոչինչ,
Ու տվել ես շատ, այնքան ես տվել,
Որ քո տվածով առանց կարիքի ապրում եմ հիմա:
Քեզ եմ շնորհակալ այն բանի համար,
Որ երբ քրքրում եմ անցյալս ունայն՝ քեզ եմ ես գտնում,
Քեզ, որ լցրել ես դատարկ տեղերս քո ներկայությամբ:
Շնորհակալ եմ, որ չես մոռանում ինձ
Եվ չես թողնում, որ քեզ մոռանամ,
Անգամ հիշում եմ քեզ փողոցն անցնելիս
Եվ իմ պատճառով, կամ քո պատճառով
Առաջանում է երկար խցանում:
Շնորհակալ եմ, որ ժամկետն անցած դեղ չես դու բնավ,
Այլ մինչև օրս ազդում ես վրաս,
Շնորհակալ եմ քեզ, որ թողնում ես քո ազդեցությունը
Անգամ ժանգոտած ուղեղիս վրա
Եվ զգաստ ես պահում իմ ներկայությունը
Քեզ հետ անցյալում ապրելու համար:
Շնորհակալ եմ անգամ այն կաթիլի համար,
Որը չեմ փորձել սրբել իմ աչքից,
Այլ կամաց-կամաց իջնելով վար՝
Կուլ է գնացել անհագ շուրթերիս:
Շնորհակալ եմ քեզ, որ չկաս հիմա,
Որ թողել ես այն, ինչ արժե հիշել,
Քանզի պարանը որքան էլ ձիգ է՝
Երկար ձգելուց շուտ է կտրվում:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2013/12/blog-post_5.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել